Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան էր, քանի որ հենց այդ երկրում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը: Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վերջինս նշեց, որ ռուսահայ համայնքը նաև ֆիզիկապես ամենամոտն է Հայաստանին և հանդիսանում է Հայաստանի համար ամենամեծ ներուժը. «Նշեմ, որ այդ համայնքը գտնվում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության կազմում, որն էլ իր դերն է խաղում»:
Tert.am-ը դիտարկում արեց. Մոսկվայում հարցազրույցի ժամանակ, երբ լրագրողը զուգահեռներ անցկացրեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, Ռուսաստանը որակեց որպես ոչ ժողովրդավար երկիր, որի հետ դուք կարծես համաձայնեցիք (համենայն դեպս չառարկեցիք), նշեցիք, որ ռուսաստանահայությունը հեղափոխության ընթացքում լուռ աջակցություն է ցուցաբերել: Վարչապետ Փաշինյանը մշտապես ասում է, որ Ռուսաստանի հետ պետք է զարգացնել հարաբերությունները, մինչդեռ Դուք համաձայնում եք, որ ՌԴ-ն ոչ ժողովրդավար պետություն է, ինչպես եք այս պարագայում պատկերացնում աշխատանքը, Սինանյանը պատասխանեց՝ ինքը չի համաձայնել այդ տեսակետի հետ, հակառակը՝ նշել է՝ ՌԴ-ն ունի իր ուղին:
«Ես նույնիսկ չխորացա՝ ՌԴ-ն ժողովրդավար է, թե ոչ, մեր տեսանկյունից դա այդքան էլ էական չէ: ՌԴ-ն սուվերեն պետություն է, նրանք կընտրեն իրենց ուղին, իրենց ղեկավարներին, իրենց ժողովուրդը շատ գիտակից, հասուն ժողովուրդ է, իրենք ինչպես կուզեն, այնպես էլ կլինի իրենց մոտ: Մենք ունենք ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, որի հետ մեզ կապում են շատ ու շատ թելեր՝ քաղաքական, ռազմավարական, տնտեսական, և այնտեղ է բնակվում 2-2.5 մլն հայկական սփյուռքը: Աշխատելու ենք նրանց հետ, որպեսզի կարողանանք նրանց ռեսուրսները, իրենց ցանկության սահմաններում, օգտագործել ի շահ Հայաստանի և մեր ռեսուրսներն օգտագործենք ի շահ այդ համայնքների»,-պարզաբանեց Սինանյանը:
Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարը նաև նշեց, որ հեղափոխությունից հետո անհատական հայրենադարձության կա, սակայն չկա հայրենադարձության հոսք. «Վերադառնում են մարդիկ, որոնց հայրենադարձվելու հավանականությունը շատ քիչ էր: Գալիս են մարդիկ, որոնք ունեն մասնագիտություն, հնարավորություններ, որոնք ունեն նաև գիտելիքներ: Սպասենք մինչև տարվա վերջ, տեսնենք՝ վիճակագրական ինչ տվյալներ կլինեն հայրենադարձության վերաբերյալ»:
Դիտարկման հետ, թե առաջ էլ անհատական հայրենադարձության բազմաթիվ հաջողված փորձեր եղել են, այսինքն՝ այժմ դրական դինամիկա հայրենադարձության ոլորտում չկա, Սինանյանը չհամաձայնեց և նշեց՝ հավանաբար պետք է վավերագրական ֆիլմեր նկարահանել հանրությանն առավել իրազեկելու համար:
«Հանրության համար պետք է պարզ լինի, որ հայրենադարձություն տեղի է ունենում, սակայն մենք՝ որպես պետություն, դեռ պատրաստ չենք այդ տասնյակ հազարավոր մարդկանց ընդունելու, այսինքն՝ պետք է ունենանք պետության զարգացման համապատասխան արագություն, պետք է ունենանք մարդկանց ընդունելու համապատասխան ծրագրեր և այս ամենի վրա, հավատացեք, այս պետությունն աշխատում է»,- ասաց Սինանյանը:
0Comments