
Մեկ ամսվա ընթացքում ուկրաինացի զինվորականները խոցել են իրանական արտադրության 233 «Շահեդ-136» անօդաչու թռչող սարք, որոնք Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 19-ին ելույթի ժամանակ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի երկնքի ամբողջական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, արդեն ունենք նշանակալի արդյունքներ՝ մեկ ամսվա ընթացքում խոցվել են 233 «Շահեդ-136» և տասնյակ հրթիռներ, միայն այսօր և միայն Կիևի ուղղությամբ ոչնչացվել է իրանական 10 անօդաչու թռչող սարք։ Եվս 11 «Շահեդ-136» կործանվել է «Հարավ» ռազմաօդային հրամանատարության զինծառայողների շնորհիվ», - ասել է նա։
Աշնանից Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործում է առնվազն երկու տեսակի իրանական անօդաչու թռչող սարքեր՝ «Շահեդ-136» կամիկաձե անօդաչուներ և «Մոհաջեր-6» բազմաֆունկցիոնալ անօդաչուներ: Բրիտանական հետախուզությունը պնդում է, որ ռուսական զորքերն առնվազն օգոստոսից Ուկրաինայում օգտագործում են իրանական կամիկաձե անօդաչու սարքեր։ Նրանք անօդաչու թռչող սարքը վերաներկել են իրենց գույներով և այն անվանել «Գերան 2»:
Սակայն Ռուսաստանն ու Իրանը հերքում են անօդաչուների առքուվաճառքի մասին տեղեկությունները:
0Comments