
Բրիտանիայի քաղաքացիներ Էյդեն Էսլինը և Շոն Փինները, որոնք գերեվարվել էին Ռուսաստանի ԶՈՒ կողմից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին խնդրել են՝ իրենց փոխանակել ուկրաինացի գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ: Նրանց կոչով կադրերը ցուցադրվել են երկուշաբթի՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում։
Հիշեցնենք, մինչև այդ էլ Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որը հայտնի է նաև «Պուտինի սանիկ» անունով, դիմել էր ՌԴ նախագահ Պուտինին և Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ առաջարկելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ. «Ես՝ Վիկտոր Մեդվեդչուկս, ցանկանում եմ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խնդրելով, որ ուկրաինական կողմն ինձ փոխանակի Մարիուպոլի պաշտպանների և այն բնակիչների հետ, որոնք այսօր այնտեղ են և չեն կարող մարդասիրական միջանցքներով անվտանգ անցնել»,- ասել էր նա՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության Telegram ալիքում հրապարակված կոչում։ Տարբեր գնահատականներով՝ Մարիուպոլում է մնում մոտ 120․000 խաղաղ բնակիչ, ինչպես նաև «Ազովի» գումարտակի զինյալներ և 36-րդ ծովային բրիգադի զինծառայողներ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն չի տեսնում։
0Comments