Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան, լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանը հայտարարություն է տարածել.
«Անթույլատրելի եմ համարում այս ողբերգական պատմության երկու կողմ հանդիսացող Աղաջանով և Ենոքյան ընտանիքների որևէ անդամին ուղղված սպառնալիքների, վիրավորական որևէ խոսքի, ատելության ու թշնամանքի որևէ տարր պարունակող նյութի, մեկնաբանության, գրառման հրապարակումն ու տարածումը:
Հարգելի իրական լրատվամիջոցներ, Ձեզ ևս խնդրում եմ մոդեռացիա արեք ատելության խոսք, քարոզ, վիրավորանք, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Չարեցիք դա, փոխարենը դեղին, նախկին ռեժիմի սպասարկու լրատվամիջոցները տիրաժավորեցին ատելության խոսքը, արյան ու սեքսի թեման զարգացրեցին, գեներացրեցին մասսայի՝ իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող թշնամանք պարունակող հիվանդագին մտքերը: Հետևանքն այն է, որ ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության, արժանապատվության, խտրականության արգելքի սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, բացի այդ ստացել եմ նաև սպառնալիքներ, դիմել եմ ոստիկանություն: Սպառնալիք ստացել է նաև Ելենա Աղաջանովան: Սա անթույլատրելի է, ես դատապարտում եմ այս գործելաոճը: Համոզմունք ունեմ, որ սա ղեկավարվում է մեկ կենտրոնից»:
0Comments