Ուզում եք քաղաքացիական պատերա՞զմ լինի. Էդմոն Մարուքյանը «Իմ քայլի» պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե «Իմ քայլի» պատգամավորները չգան խորհրդարան, պրոցեսները դուրս կգան քաղաքական դաշտից և կսկսվեն բախումներ 

ԱԺ նիստ գումարելու համար բավարար թվով ստորագրություններ ենք հավաքել, նիստը կարող ենք հրավիրել, եթե ԱԺ խորհրդի նիստը կայանա, բայց խորհրդի նիստը գումարելու համար պետք է 3 մարդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«20:15 ԱԺ խորհրդի նիստ գումարվեց, Լենա Նազարյանը ժամանեց խորհրդարան, ես նրան ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով: Դրա համար խնդրեցի տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք գումարել խորհդրի նիստը: Խորհրդի նիստը բաց է դեռևս 2 ժամ»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհդրի նիստին ներկա էր 7 անդամ, անրաժեշտ է ևս 3 խորհրդի անդամի ներկայություն, որպեսզի հնարավոր լինի նիստը անցկացնել:

«Հայաստանը խորհրդարանական երկիր է, ժողովուրդը 73 տոկոս ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարենք: 88 պատգամավորից մեկ մարդ է եկել՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Եկեք, այս ճգնաժամի պահին ժողովրդին մի բան ասեք: Իշխանություն կա՞ երկրում, թե՞ անիշխանություն է սա»,- նշեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեռ 2 ժամվա ընթացքում հնարավոր է խորհրդի նիստ իրականացնել և կոչ արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գալ խորհրդարան:

«Եթե նիստը չկայացավ, պրոցեսները դուրս կգան քաղաքական դաշտից և կսկվեն բախումներ: Քաղաքացիական պատերազմ եք ուզում լինի: Ոնց որ վարչապետն է իշխանությունը ստանձնել և չի մտածել, որ բացի դաչայից և մերսեդեսից կա նաև Արցախի հիմնախնդիր, այնպես էլ, որքան հասկանում եմ, պատգամավորներն են, մտածել են, որ պատգամավոր լինելը միայն 460 հազար դրամ աշխատավարձ է, դիվանագիտական անձնագիր, անձեռնամխելիություն, գործուղումներ: Պատգամավորի գործը նաև այն է, որ ռիսկ անեք, գաք այս շենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: