Հոկտեմբերի 25
Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա:
Ուրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել: Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք: Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է: Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը՝ դրամը, իր այլասերող բնույթով զգալի դժվարություններ կհարուցի:
Նշանակում է՝ հարկավոր է օրը օրին ավելի մեծ հաղթանակներ տանել անձի նկատմամբ, որպեսզի հաստատուն դառնա ձեր վստահությունը վերջնական հաղթանակի համար: Թեկուզ կարող է և այնպես լինել, որ դուք չտեսնեք ձեր հաղթանակը՝ աշխարհի ուժերի և զորությունների վրա:
Անգործությունը կվերանա, եթե մարդիկ ճիշտ իրագործեն այս պայմանը: Իսկ եթե մեկն իսկապես գործ չունի, թող ինքն իրեն հաղթանակող ուժի վերածի՝ հաղթահարելով նախ իր մեջ եղած հոռին ու չարը, ապա և՝ իր տանեցիների, ապա՝ իր ողջ շրջապատի: Այդ ժամանակ նա արդեն կդառնա մի Ուժ, որի կարիքը կա և ով պետք է արդեն գործի անցնի:
Պարապ ժամեր չկան Իմ Թագավորության մեջ: Սպասելն իբրև անգործություն կարող է համարվել արտաքին աշխարհի կողմից, սակայն այդ սպասումը կա և կարող է լինել մեծ գործունեության մի ժամանակ՝ մարդու ներքին կյանքի և իր շուրջը եղող նյութաշխարհի իրականության համար:
0Comments