«Բոլորս կարծես ապրում ենք մի մեծ գավառական թատրոնում, որտեղ բեմադրություն է իրականացվում, որը պաթոսով, տարբեր էմոցիաներով լի է, բայց առանձնապես որևէ բովանդակություն չունի: Որևէ մեկը չի կարող ասել, թե այդ ներկայացումն ինչով է ավարտվելու: Իսկ ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, ապա ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի` առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որն անընդհատ մեզ հետապնդում է: Մարդը, ով անվերջ խոսում է բոլոր իրադարձությունների աննախադեպության մասին, իր հետ համաձայն եմ, որովհետև, եթե հիմա սկսեմ բոլոր ոլորտներում թվարկել աննախադեպ իրադարձությունները, որ կան, երևի մեկ օրը չի հերիքի: Բայց ես կանդրադառնամ ամենակարևորին:
Նիկոլ Փաշինյանը, լինելով ԱՄՆ-ում, երկու աննախադեպ հայտարարություն է արել, որոնցից մեկը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին ծնկի բերելուն: Բոլորս գիտենք, թե դարերի ընթացքում մեր թշնամիներից ովքեր են ցանկացել ծնկի բերել եկեղեցին: Այս հայտարարությունն աննախադեպ էր: Մեր ղեկավարներից որևէ մեկը նույնիսկ մտքով չէր անցկացնի նման հայտարարություն անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:
«Երկրորդը վերաբերում է ադրբեջանական ժողովրդին, Արցախի հարցը լուծելու այն թեզին, որում ադրբեջանական ժողովուրդը պետք է մասնակցություն ունենա: Մարդը, ով տեսնում է, թե Ադրբեջանն ինչպիսի հայատյաց քաղաքականություն է վարում և ինչպես է քարոզում հայատյացություն, իրավունք չունի նման հայտարարություն անել: Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է, և այդ բոլոր հայտարարությունները միայն իրենն են, և հայ ժողովուրդը որևէ կապ չունի դրա հետ»,- հավելեց նա:
Ըստ Կարինե Աճեմյանի՝ վարչապետը պայքարում է թե՛ նախկինների, թե՛ իր կողմից բերված մարդկանց դեմ:
«ԱՄՆ-ում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ամուլսարի հետ կապված պաստառներ բերած մարդկանց թույլ չեն տվել ներկա գտնվել: Միայն այն պլակատներն են թողել, որոնց վրա Նիկոլն է, իր դուխով գլխարկները… Սա համարում եմ հետընթաց ժողովրդավարությունից, այն բոլոր զարգացումներից, որոնք եղել են երկրում: Ապրել որևէ երկրում և մեծ պաթոսով բղավել՝ Հայաստան, դա անհետևանք չի մնալու: Տեղի իշխանությունները սրան անպայման հակազդելու են: Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր այդպիսի պաթոսով սիրում են Հայաստանը, շատ հանգիստ կարող են վերադառնալ, որովհետև դռները բաց են: Եթե նա իրենց երազանքների ղեկավարն է, իրենք պարտավոր են վերադառնալ Հայաստան ու մեր քաղաքական, տնտեսական կյանքում ունենալ իրենց դերակատարությունը: Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ նախագահը վերջերս հայտարարություն է արել՝ ասելով, որ ապագան ոչ թե գլոբալիստներինն է, այլ պատրիոտներինն է, այսինքն՝ հայրենասերներինը: Այսինքն, շատ հետ ենք մնում կյանքից՝ մեր իբրև թավշյա հեղափոխությամբ, ժողովրդավարությամբ և գլոբալիստական մոտեցումներով:
Աննախադեպ եմ համարում Արցախի նախագահ Բակո Սահակյանին Անկախության տոնին ինչ-որ մեկի շուրթերով մարզպետ հայտարարելը: Մեր ղեկավարի դեպքում նման բան չէր կարող լինել: Աննախադեպ եմ համարում այն, ինչ կատարվում է բոլոր ոլորտներում: Քանի որ թիրախում Արցախի անվտանգությունն է, իսկ մարդը, ով ուժով զավթել է իշխանությունը, ճնշումներով նստել այդ աթոռին և հիմա Արցախի մասին նման հայտարարություններ է անում… ինքնորոշման մասին որևէ խոսք չկա, որևէ դիվանագիտական հայտարարություն ես չեմ տեսնում»,- նշեց ՀՀԿ անդամը:
Կարինե Աճեմյանի խոսքով՝ վտանգված է նաև մեր կրթական համակարգը:
«Կան պատգամավորներ, ովքեր զբաղված են այլընտրանքային կրթության ներմուծմամբ, Հայերի ցեղասպանությունը հանվում է այդ ամբողջ կրթությունից, սեռական զարգացումը հիմնված է առանց ցենզի տարիքային թեզերի վրա: Մեր երկրի համար շատ վտանգավոր դրույթներ են առաջ բերվում և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հիմք է ստեղծվում: Այս բոլորը, իհարկե, աննախադեպ եմ համարում: Աննախադեպ է նաև մեր ԱԺ-ն, որը չունի ընդդիմություն: Ընդդիմությունը ծառայում է Փաշինյանին և իր շահերին: ՍԴ նախագահի վերաբերյալ այսպիսի անիրավական գործընթացներ սկսել է ընդդիմության մի առաջնորդ, ով իրավաբան է, առանց հետևանքների մասին մտածելու»,- նկատեց ՀՀԿ անդամը:
Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին:
«Քոչարյանն անազատության մեջ է, և հարցը որևէ ձևով լուծում չի գտնում: Սա վրեժխնդրության, քաղաքական սպառնալիքների արդյունք է: Աննախադեպ է, երբ երկրի ղեկավարը 1.5 տարի ղեկավարելով երկիրը՝ հայտնվում է շատ մեծ երկրում և խոսում է նախկին նախագահի մասին, վարկաբեկում է նրան, ասում, որ քրեական գործեր են հարուցված, որից հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածքում, որով փաստում է, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի հանդեպ իրականում որևէ քրեական գործ չկա:
Սա, իհարկե, աննախադեպ է՝ պատասխանատվության որևէ զգացում չունենալ և այսպիսի հայտարարություն անել: Կարծում եմ, որ սա առաջինն է, միակն է և աննախադեպ է: Այս պարագայում ինչ-որ զարգացումների, տեսլականի, ծրագրերի մասին խոսել… Հստակ է, որ մարդը պայքարում է նախկինների դեմ: Իր ձևով, շատ անգրագետ և պրիմիտիվ ձևով նա խմբագրում է երկիրը, ոչ թե իր թերթը, սա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ…»,- եզրափակեց Կարինե Աճեմյանը:
Անի Կարապետյան, գրում է 168.am
0Comments