Նորագույն շրջանի դիվանագիտության որոշ տեսաբաններ, հատկապես՝ խորհրդային դպրոցի ներկայացուցիչներ, ձևավորել են մի տեսություն, ըստ որի՝ պետության արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը։
Այստեղից մի շատ կարևոր եզրահանգում. քանի որ դիվանագիտությունն արտաքին քաղաքականության իրագործման միջոց է՝ նրա կիրառման յուրահատուկ գործիք, և քանի որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ուրեմն` դիվանագիտությունը կոչված է հավասարարչափ լուծելու նաև երկրի ներքին խնդիրները։
Ազգի և պետության զարգացման գենեզիսը կանխորոշում է նրա արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզբունքները, որոնք առաջին հերթին որոշում են դիվանագիտական բանակցությունների ռազմավարությունն ու մարտավարությունը։ Ինչպես հայտնի է՝ երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ամենամյա համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված առաջնային նշանակության հարցեր։
Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախի հարցում ստացած մտահոգիչ ժառանգության և այդ առումով միջազգային ձևավորված ընկալումներն ու, այսպես ասած, բազան թարմացնելու անհրաժեշտության մասին:
Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո չփորձեց հանգամանորեն քննարկել Արցախի հիմնահարցի հետ կապված տարիների բանակցային գործընթացներն ու մանրամասները։
Հիշեցնենք, 2018թ. հուլիսի 17-ին նա հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որի կապակցությամբ, ինչպես հիշում եք, նման գրառում կատարվեց կառավարության ֆեյսբուքյան էջում. «Կառավարական առանձնատանը երկուշաբթի օրը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»:
Այդ հանդիպումից որոշ ժամանակ անց ասուլիսում Փաշինյանն ասաց. «Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք, մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին: Այսինքն՝ այն, ինչ հայտնել է, արդեն հայտնի էր ինձ»։
Այսինքն՝ ինքն ամեն ինչ գիտեր, Տեր-Պետրոսյանը որևէ նոր, արժեքավոր բան չէր ասել։ Ամեն դեպքում այդպես էր ամփոփել իրենց հանդիպումը Նիկոլ Փաշինյանը՝ քանիցս կրկնելով, որ այն կայացել է Տեր-Պետրոսյանի խնդրանքով։ Իսկ ահա Արցախյան հիմնահարցի Փաշինյանի «դասախոս» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի օգտակար է եղել, քան ՀՀ նախկին նախագահներն ու նախարարները կամ փորձագիտական դաշտի պրոֆեսիոնալները։
Ըստ որոշ փորձագետների՝ Փաշինյանը որպես ժառանգություն ստացել է Ղարաբաղի բանակցային գործընթացի ամենալավ ու ռացիոնալ բանակցային փաթեթը։ Իսկ այն փաստը, որ եռանախագահներն այլևս չեն խոսում խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքների մասին, դա արդեն կատարված փաստ է, և մեղավորը փաշինյանական «գվարդիայի» անհեռատես ու չկողմնորոշված ներկայացուցիչներն են։
Ակնհայտ փաստ է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի ազգային անվտանգության մեջ Արցախի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն: Այլ խոսքերով՝ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունն առանցքային նշանակություն ունեն ՀՀ անվտանգության համակարգում, և Արցախին ուղղված ցանկացած վտանգ սպառնալիք է նաև ՀՀ-ի համար:
Հավելենք նաև, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրը կարևորագույն տեղ է զբաղեցնում նաև արտաքին քաղաքականության մեջ՝ լինելով հիմնական առաջնահերթություններից մեկը: Ուստի ինչպես ներքին կյանքի և քաղաքականության մեջ է ղարաբաղյան հարցը հանդիսանում կարևոր, իսկ երբեմն էլ՝ վճռորոշ գործոն, այնպես էլ ղարաբաղյան կոնֆլիկտն էական ազդեցություն է ունենում նաև արտաքին քաղաքականության վրա՝ էապես պայմանավորելով պետության արտաքին քաղաքական և դիվանագիտական ռազմավարությունը: Փաշինյանի նման արտահայտությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ, եթե նա նույնիսկ որոշակիորեն հասկանում է ներքին քաղաքական «խարդավանքներից», ապա արտաքին քաղաքականությունն իր համար մութ անտառ է։
Իր գործունեության մեկուկես տարիների ընթացքում նա աստիճանաբար մսխում է նախկինում իշխանությունների կողմից արտաքին ճակատում ձեռք բերված լուրջ հաջողությունները՝ գրեթե բոլոր ուղղություններով։
Նախ՝ հնարավոր բոլոր տարբերակներով «նեղացրեց» ռուսներին՝ ամեն տեսակի սորոսական ներկայացուցիչներով իր թիմը համալրելով ու հակառուսական անմեղսունակ հայտարարություններ տարածելով, Եվրոպայի հետ հարաբերությունները հասցրեց չեզոք ու անհասկանալի մի վիճակի, երբ ոչ ոք չի հասկանում, թե ի վերջո՝ ինչ է ուզում Փաշինյանը եվրոպացիներից։ Չինաստանի ու Իրանի հետ իր հարաբերությունների մասին անընդհատ հայտարարություններ անելու մակարդակից այն կողմ գրեթե ոչինչ տեսանելի չէ։
«Հեղափոխության» կարկառունների համար առաջնային նշանակությունը միայն իրենց «թավիշն» է, ուրիշ ոչինչ, և միջազգային բոլոր հարթակներում պարբերաբար թմբկահարում են այդ ֆեյք-նյուզը։ Փաստ է, որ իշխանափոխությունն արտաքին ոլորտի ոչ մի դրվագում չհանգեցրեց դրական հետևանքի, այլ կապիտալազրկեց այն։ Այն հայտարարությունը, որ ժողովրդավարությունը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության այցեքարտը, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Եթե պետության ռեժիմը ավտորիտար է, մանավանդ՝ տոտալիտար, ապա նրա արտաքին քաղաքականությունն ունի նմանատիպ միտումներ։
Այդպիսի օրինաչափություն մենք տեսնում ենք ժողովուրդների ժամանակակից պատմության մեջ։ Նացիստական Գերմանիան իր տոտալիտար ռեժիմն ակտիվորեն երևակում էր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության վրա` իրագործելով ժողովուրդների բռնաճնշում ու ոչնչացում, տարածքների բռնազավթում, մարդատյացության սերմանում։ Սրան զուգահեռ, եթե պետության ներքին քաղաքականությունը լիբերալ է և ժողովրդավարական, ապա այդ միտումները նկատվում են նրա արտաքին քաղաքականության մեջ։
Այստեղ, սակայն, մենք բախվում ենք պարադոքսալ, դիվանագիտական զավեշտի հասնող մի երևույթի հետ։ Դեմոկրատիայի, մարդու իրավունքների և ազատությունների «բաստիոն» Ամերիկան, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, միջազգային հարաբերություններում հաճախ հանդես են գալիս՝ որպես ավտորիտար, զավթողական քաղաքանության ադեպտներ, ասվածի դասական օրինակներ են՝ Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Աֆղանստանը, Սիրիան․ իհարկե, սա լրիվ ցանկը չէ արևմտյան դեմոկրատիայի զոհ դարձած երկրների ու ժողովուրդների։ Օրինակներ ունենք նաև պոստսովետական տարածքում՝ հանձինս Վրաստանի և Ուկրաինայի ձախողումների։
Արմեն Հովասափյան
Հ.Գ. Այլոց պատմությունը չարանենգորեն աղավաղող և կեղծող պետությունները ճգնում են սուբլիմացնել սեփական պատմությունը և իրենց գործիչներին, իսկ երբ այդ կեղծարարները չունեն առանձնակի նվաճումներ, ապա նրանց սուբլիմացիան ընդունում է այլանդակ և պաթոլոգիական ձևեր։
0Comments