Վիետնամի քաղաքացուհին, որը Մալայզիայում մեղադրվել է այնպիսի գործողությունների համար, որոնք հանգեցրել են Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվանը, ազատ կարձակվի մայիսի 3-ին։ Այս տեղեկությունը ուրբաթ The Star պարբերականին հաստատել է 30-ամյա կնոջ փաստաբանը։ Նրա խոսքով՝ «Դոան Թհի Խիոնգը ազատ է արձակվելու օրվա առաջին կեսին եւ արդեն երեկոյան կթռչի հայրենիք», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մալայզիայի գերագույն դատարանը ապրիլի 1-ին վերաորակավորել էր մեղադրանքի հոդվածը միտումնավոր սպանության մասին։ Դրա արդյունքում կինը դատապարտվել էր երեք տարի չորս ամսվա ազատազրկման։
Մարտին հենց դատարանի դահլիճում ազատ էր արձակվել մեկ այլ ամբաստանյալ՝ 26-ամյա Սիթի Այսիան Ինդոնեզիայից։ Պետմեղադրողը անսպասելի հանել էր նրա մեղադրանքը, նույն օրը աղջիկը վերադարձել էր հայրենիք։ Սկզբում դատախազները պնդում էին, որ երիտասարդ կանայք իմացել են սպանության նախապատրաստման մասին, դրա համար մահապատիժ էին պահանջում։ Իսկ փաստաբանները համոզված են, որ աղջիկները թունավորման ծրագրի մասին չեն իմացել, այլ մասնակցել են միայն խաղին, որը նկարահանվել էր գաղտնի տեսախցիկով։
Կիմ Չեն Նամը մահացել է 2017 թվականի փետրվարի 13-ին հիվանդանոցի ճանապարհին Կուալա Լումպուրում։ Նա բողոքում էր ուժեղ գլխապտույտից, պատմել էր, որ ինչ-որ մեկն իր վրա անհայտ հեղուկ է լցրել, ինչից հետո թաքնվել էր։ Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ մահը վրա է հասել արգելված VX նյարդապարալիտիկ նյութի ազդեցությամբ։
Հանցագործությունից անմիջապես հետո, աղջիկներից բացի, կալանվել է նաեւ Հյուսիսային Կորեայի քաղաքացի, որին հետո բաց են թողել եւ ուղարկել իր երկիր։ Մալայզիական ոստիկանությունը կարծում է, որ եւս չորս հյուսիսկորեացի հեռացել է Կուալա Լումպուրից միջադեպի օրը, նրանք Փհենյանում են, նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված Ինտերպոլի գծով։
Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է դերասանուհի Սոն Հե Ռիմից։ Նա որոշ ժամանակ համարվել է հոր առավել հավանական փոխարինողը Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում, բայց հոր ողորմածությունից զրկվել էր 2001 թվականին Դոմինիկյան Հանրապետության քաղաքացու կեղծված անձնագրով Ճապոնիա գնալու փորձից հետո եւ այդ ժամանակից ի վեր արտասահմանում էր ապրում, մասնավորապես՝ չինական անկլավ Մակաոյում:
0Comments