Այսօր հեռուստացույցը միացնում ես, ժարգոն, մուննաթ, գողական. Արագած Ախոյան

Ես պատգամավոր եղած ժամանակ բազմիցս ելույթ եմ ունեցել եւ ասել, որ հարկավոր է պայքարել դրա դեմ, որովհետեւ չգիտենք, թե որ ալիքը միացնենք, որ մեր երեխաները նայեն

Հեռուստատեսությամբ ցուցադրվող անմակարդակ սերիալները փչացնում են հասարակությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

«Ես պատգամավոր եղած ժամանակ բազմիցս ելույթ եմ ունեցել եւ ասել, որ հարկավոր է պայքարել դրա դեմ, որովհետեւ չգիտենք, թե որ ալիքը միացնենք, որ մեր երեխաները նայեն: Նախկինում մենք դաստիարակվել ենք հեքիաթներով, չարի հանդեպ  բարու հաղթանակով, իսկ այսօր հեռուստացույցը միացնում ես, ժարգոն, մուննաթ, գողական: Հետո ասում են՝ ժողովուրդը էս ա նայում: Լսեք, միգուցե այլ ֆիլմեր ցուցադրենք, ժողովուրդը նայում է: Չի կարելի»,-ասաց նա:

Ախոյանն ասաց, որ խնդրում են հեռուստաընկերություններին ձեռնպահ մնալ «այդ էժանագին նյութերը» ցուցադրելուց:

Նշենք, որ Երեւանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Հ1-ով տրանսգենդերի ելույթի ցուցադրման, որին մասնակցում է նաեւ Արագած Ախոյանը: Երբ լրագրողը պնդեց, որ Հ1-ով այդ ելույթը չի ցուցադրվել, ակցիայի կազմակերպիչներից Վահագն Չախալյանը պատասխանեց. «Զրպրտում ենք, դիմեք դատարան»: