Համընդհանուր հայտարարագրումն ունի սողանցնքներ, որոնց մասին ՀՀ քաղաքացին պետք է իրազեկված լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Ըստ նրա` սա եկամուտների համընդհանուր հայտարարագրում չէ. «ՀՀ հարկային օրենսգրքի» 156–րդ հոդվածի 4–րդ կետի 2–րդ հատվածով այն կոչվում է ֆիզիկական անձի տարեկան հաշվարկ։
«Հենց այստեղից է թյուրըմբռնումը սկսվում, որի նպատակն է իրավական ակտով անձանց հարկելը»,– նշեց նա։
Ըստ Սարգսյանի` իշխանությունների կեղծ թեզերից մեկն այն է, որ մինչև 300 հազար դրամ փոխանցումը չի հայտարարագրվում, և հանրային ընկալումն այնպիսին է, որ չի էլ հարկվում։
«Այդպիսի բան գոյություն չունի։ «300 հազարի մասին» ձևակերպումը վերաբերում է նվիրատվություններին ու փոխառություններին, անհատույց ստացված դրամական միջոցներին, որոնք ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն։ Մոլորեցման մեջ գցողն այն է, թե ով է որոշում` այդ 300 հազար դրամը նվիրրատվությո՞ւն էր, պարտքով ստացված գումա՞ր, չհարկվո՞ղ էր, թե՞ ոչ»,– ընդգծեց նա։
Սարգսյանը բացատրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ փոխանցումները հիմնականում քարտից քարտ են անում, այլ ոչ թե հաշվեհամարից հաշվեհամար, որի դեպքում անձը կամ նպատակը չի կարող նույնականացվել։
«Ասենք, դուք տերմինալով գումար եք մուտքագրել, որտեղ չի նշվում` ով է մուտքագրել կամ ինչ նպատակով։ Այս փոխանցումը կարող է լինել կա՛մ պարտքի մարում, կա՛մ պարտքի վերադարձ, որը, իրականում, եկամուտ չէ, սակայն քանի որ նպատակ դաշտը լրացված չէ ու փաստաթղթավորումը պատշաճ արված չէ, քաղաքացին կանգնելու է խնդրի առաջ։ Օրինակ` 5 անձի միջև փոխանցվել է նույն 100 հազար դրամը, և եթե «նպատակ» դաշտը լրացված չէ, ապա յուրքանչյուր փոխանցման համար կգանձվի 20 հազար դրամ հարկ»,– նշեց նա։
Մինչդեռ ամեն ինչ այսքանով չի սահմանափակվում. փոխառության կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է գրավոր պայմանագիր ունենա, հակառակ դեպքում ռիսկերի առաջ կկանգնի։
«Քարտից քարտ կամ վճարահաշվարկային տերմինալներով փոխանցումներն էական վտանգներ են պարունակում. միմյանց փոխանցումներ պետք է անել բանկային տերմինալով, որտեղ նպատակ դաշտում կարող եք նշում կատարել, ինչպես նաև միմյանց փոխանցում կատարելիս ոչ թե քարտին փոխանցում արեք, այլ հաշվեհամարին, ու նպատակ դաշտը կրկին պարտադիր նշեք»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա` եթե հարկային մարմինը գա քաղաքացու մոտ ստուգման ու հայտնաբերի, որ, օրինակ, 20 հազար դրամ հարկը չի մուծել, ապա որպես հարկային պատասխանատվության միջոց կկիրառվի 50 տոկոս, այսինքն` հարկի գումար, տվյալ դեպքում` 20 հազար դրամ+50 տոկոս, այսինքն` 20 հազար դրամը դառնում է 30 հազար դրամ։
Սարգսյանը նշեց, որ քաղաքացին կարող է ենթարկվել նաև վարչական պատասխանատվության` հայտարարագիրը չներկայացնելու կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար։ Այս դեպքում կկիրառվի նախազգուշացումից մինչև 5–50 հազար դրամ տուգանք։
Հարկերից խուսափելու համար հաջորդ պատիժը քրեական պատասխանատվությունն է, որը կկիրառվի խոշոր` տարեկան 1 մլն և ավելի փոխանցումների համար։ Այս դեպքում կարող է կիրառվել նաև 3-6 տարի ազատազրկում։
Ի դեպ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ միանում է բոլոր այն հանրային գործիչներին, որոնք բոյկոտի կոչեր են անում։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։
0Comments