Շրջանառության մեջ է դրվում 20 000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը. ԿԲ

Մանրամասներ
նմուշ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

ԿԲ-ից հայտնում են, որ 2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին  ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:

Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Ստորև ներկայացվում են 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:

20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման

Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը

 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է:

Դիմերես.

Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:

Դարձերես.

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։

Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։

Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):