Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն առաջարկումէ հանձնախումբ ստեղծել ու հանդիպել գլխավոր դատախազին։ Ֆեյսբուքյան իր էջում նա հանձնախմբի կազմն է առաջարկել ու հնարավոր հանդիպման օրակարգը.
«Ես առաջարկում եմ փետրվարի սկզբներին հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ` մի քանի խիստ կարևոր հարցեր քննարկելու օրակարգով: Հանդիպման համար առաջարկում եմ ստեղծել ժամանակավոր հանձնախումբ` հետևյալ կազմով.
- Բագրատ արք. Գալստանյան – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ
- Արա Պապյան – Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
- Տիգրան Խզմալյան – Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ
- Գեղամ Մանուկյան ԱԺ պատգամավոր, ՀՅԴ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
- Աշոտ Մելքոնյան, պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ
- Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ
- Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ
- Աննա Գրիգորյան, Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր
- Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, 2016-2022 թթ.
- Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, 2006-2017 թթ.
ՕՐԱԿԱՐԳ
- Գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, դրանք կանխարգելելու և քրեական պատժի ենթարկելու իրավաչափության հարցը:
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու դեպքով 2007 թ. հարուցված քրեական գործի վերաբացման հնարավորության քննարկում և ծանոթացում գողություն կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քրգործի շրջանակում տված ցուցմունքներին:
- 2017- 2018 թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժումների արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացում` այդ թվում չհրապարակված տեսանյութերի տեսքով: 2021 թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքների պարզաբանում:
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի ներկայացում:
- 2018-2024 թթ. ընթացքում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացված մի շարք կոռուպցիոն գործողությունների, ադրբեջանական հակահայ ռասիստական քարոզչությանը նպաստող դրվագների ներկայացում և դրանք պատժելու հնարավորության քննարկում:
Ինչպես տեսնում եք, բոլոր ներկայացված հարցերը խիստ կարևոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից և դրանք բացարձակ կապ չունեն որևէ անձի շահերի ու նպատակների իրագործման հետ:
Այս հրավերը բաց հրավեր է և չի կարող դիտվել որպես պարտավորություն կամ պարտադրանք: Ուստի այս ձևաչափից ու դրա օրակարգից հրաժարվելու հիմնավորումները միմիայն ողջունելի կլինեն: Լրագրողներին խնդրում եմ այս հրավերը հասցնել ցանկում հիշատակված անձանց»։
0Comments