ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքվել է «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիրը՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով օգտագործելու իրավունքով։ Նույն ժամանակ կնքված մեկ այլ պայմանագրով՝ շուրջ 849 մլն. ՀՀ դրամով, Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:
Համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ. դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ. դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն. ԱՄՆ դոլարին, որը ներկայիս փոխարժեքով կազմում է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար):
Քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և գործի համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացնել ստուգում՝ 2008-2018թթ. համար:
Բացի դրանից, բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։
Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ:
Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ. քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ, ինչի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
0Comments