Այսօր մեր բանակի 33-րդ տարեդարձն է, մենք Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը, իհարկե, առաջիկայում կփոխվի և կվերափոխվի, բայց մեր որոշմամբ բանակը ներառել ենք մեր պետական, մեր ազգային արժեքների առաջին տողերում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում ունեցած իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ:
Ես կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար: Դուք պետք է իմանաք, որ մենք հպարտանում ենք ձեզնով, հույս ենք դնում ձեզ վրա, և համոզված եմ, որ իրար հետ Հայաստանի Հանրապետությունն իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով կդարձնենք անվտանգ, զարգացած, երջանիկ, պաշտպանված պետություն: Եվ մենք իրար հետ գտնվում ենք այդ ճանապարհին:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
0Comments