Մարտի 18-21-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ճանապարհների արգելափակման դեպքերի վերաբերյալ ստացել է 136 ահազանգ: Դրանց հետևանքով անվտանգ տարածք են տեղափոխվել 520 տրանսպորտային միջոց և 1309 քաղաքացի:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը:
Մկրտչյանը նշեց, որ առատ ձյան պատճառով ավելի շատ ահազանգեր եղել են Սյունիքի մարզում. արգելափակվել է 203 տրանսպորտ, 551 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ տարածք: Արագածոտնի մարզում 115 տրանսպորտային միջոց է արգելափակվել և 363 քաղաքացի տեղափոխվել անվտանգ տարածք:
«Շաբաթ օրը՝ մարտի 19-ին, Շտապօգնության ավտոմեքենայի աշխատակիցները Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում մեր փրկարարների օգնությամբ կարողացել են Թալինի բժշկական կենտրոն տեղափոխել 1 տարեկան երեխայի»,- հայտնեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Սյունիքի ճանապարհներին արգելափակվել են նաև զբոսաշրջային ավտոբուսներ, որոնց ներսում գտնվող ուղևորներին փրկարարները մեքենաներով տեղափոխել են Կապան քաղաք, Սարավան-Զանգեր ճանապարհից՝ Վայք քաղաք:
«Բեռնատարների վարորդներին համոզել ենք իջնել իրենց ավտոմեքենաներից և մոտակա բնակավայրեր գնալ: Չէին ուզում բեռնատարերը թողնել: Իջեցրել ենք Իրանի 7 քաղաքացու: Ամբողջ գիշեր փրկարարներն իրականացրել են ուղևորների և ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներ»,- ասաց կենտրոնի պետը:
Ըստ նրա՝ առատ տեղումների հետևանքով առաջացած պատահարներն ու խնդիրները կարգավորելու համար հավելյալ ուժերի կարիք կենտրոնը չունի: Նա նաև նշեց, որ այս ամսվա ընթացքում առատ ձյան տեղումները թե՛ ինտեսիվությամբ, թե՛ ինտերվալով տարբեր են մյուս տարիների համեմատ:
0Comments