Ավագ դպրոցները դարձել են համակարգի ամենաանտեսված կառույցները. Արայիկ Հարությունյան

Մոտ 1 մլրդ դրամի չափով պետք է տրամադրվի ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ավագ դպրոցները դարձել են համակարգի ամենաանտեսված կառույցները:

«Ամենավատ դպրոցներն են տվել ավագ դպրոցներին, ծրագիրը վատ են մշակել, կրկնուսույցի ինստիտուն էլ ավելի է սկսել զարգանալ»,-ասաց նախարարը:

Ըստ Հարությունյանի` անցած տարվա հունվարին էլի ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար խնայել, գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է, որի արդյունքում զգալի նվազել է ավագ դպրոցների գումարները: Արդյունքում, ըստ նրա, տնօրենները միայն իրենց խնայողությունների և ԿԳՆ-ի տված 350 մլն դրամի շնորհիվ են կարողացել են այնպես անել, որ աշխատավարձերը չիջնեն:

«Մոտ 1 մլրդ դրամի չափով պետք է տրամադրվի ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն»,- նշեց նախարարը:

Արդյոք չի դիտարկվում կրճատել ավագ դպրոցի ուսումնառության տարիների թիվը հարցին ի պատասխան` Հարությունյանն ասաց, որ ավագ դպրոցը կմնա եռամյա. «Դա չի քննարկվում»: