2021 թ․ Հայաստան եկողների ու Հայաստանից գնացողների թիվը կազմում է -43.000․ Միգրացիոն ծառայության պետ

Մանրամասներ
ա

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։

- Խնդրում եմ ներկայացնեք, թե այս պահին ինչ պատկեր ունենք միգրացիոն հոսքերի առումով, որքան է կազմում բացասական սալդոն՝ վերջին տվյալներով։

- Այս տարվա առաջին եռամսյակում մուտքերի եւ ելքերի տարբերությունը, ընդհանուր առմամբ, 8000-ի կարգի է, որն էական բարելավում է անցած տարվա առաջին եռամսյակի նկատմամբ, որը կազմում էր 50 հազար։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող զարգացումներով, որովհետեւ մեր հիմնական հոսքն աշխատանքային սեզոնային միգրանտներն են, որոնք մեկնում են տարվա սկզբին եւ վերադառնում են տարվա վերջին։ 

- Այսինքն՝ ՌԴ-ում պատերազմը եւ դրանից բխող տնտեսական իրավիճակը նպաստել են, որ Հայաստանից ՌԴ մեկնողների հոսքը նվազի՞։ 

- Այս իրավիճակը միշտ ձեւավորվում է, այսպես կոչված, վանող եւ ձգող գործոններով։ Հիմա ՌԴ-ում ավելի լավ տնտեսական վիճակի ձգող գործոն է, որպեսզի մեր աշխատանքային միգրանտները մեկնեն այնտեղ՝ աշխատելու։ Իսկ մեզ մոտ ավելի լավ տնտեսական պայմանների եւ հնարավորությունների ձեւավորումն իրենց մոտ հակառակ խթանիչն է առաջացնում։ Բայց, միաժամանակ, այնտեղ ձգող գործոնի ուժգնության նվազումը, վստահաբար, ազդում է նրա վրա, որպեսզի այնտեղ աշխատանքային միգրանտներ չմեկնեն։ 

- Բայց դա մի տեսակ արհեստական ցուցանիշ չէ՞, քանզի մի բան է՝ սեզոնով պայմանավորված հոսքի ավելացումը կամ նվազումը, այլ բան է, որ դուք դիտարկեք՝ մարդիկ ավելի շատ նախընտրում են մնալ հայրենիքո՞ւմ, թե՞ մեկնել երկրից: Այսինքն՝ ավելի շատ ներգա՞ղթ է, թե՞ արտագաղթ։

- Իրականում, եկեք այս հանգամանքը հաշվի առնենք, որ միգրացիան մեծապես ազդվում է մնացած բոլոր գործոններից՝ լինի տնտեսական, լինի սեզոնային, այսինքն՝ մենք միգրացիան չենք կարող դիտել այս կոնտեքստից դուրս։ Դա արհեստական կլինի, եթե մենք ուղղակի միգրացիան վերցնենք կոնտեքստից դուրս։ Ընդհանուր միտումները, կարող եմ ասել, հետեւյալն են․ մենք անկախության ժամանակահատվածը եթե ամբողջությամբ դիտենք, պետք է դիտենք երկու ցուցանիշ, առաջինը սահմանահատումների տարբերությունն է, այսինքն՝ մուտքեր եւ ելքեր, երկրորդ ցուցանիշը միգրացիայի սալդոն է, որն իմիգրանտների եւ էմիգրանտների տարբերությունն է։ Իմիգրանտը նա է, որը մուտք է գործել երկիր եւ մեկ տարի պլյուսով բնակվել է երկրում, էմիգրանտը նա է, որը երկրից դուրս է եկել ու մեկ տարի պլյուսով չի վերադարձել։ Այս երկրորդ ցուցանիշը Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում եղել է բացասական՝ բացառությամբ 2020 թվականի, երբ որ մենք արձանագրել ենք մոտ 4000-ի կարգի դրական ցուցանիշ, երբ իմիգրանտների քանակն ավելի շատ էր, քան էմիգրանտներինը։ Դա, վստահաբար, պայմանավորված էր քովիդով, քանի որ հնարավորություն չկար մեկնելու այլ երկրներ։ Բայց միայն քովիդով բացատրելն արդարացի չէ, որովհետեւ անդրադառնանք առաջին ցուցանիշին՝ սահմանահատումների սալդոյին, որն ավելի առաձգական է։ Այս ցուցանիշն էլ ունեցել է դրական դրսեւորում 2004-2006 թթ․ եւ 2018-2020 թթ․, երբ մուտքերի քանակն ավելի շատ էր, քան ելքերի քանակը։ Դա պայմանավորված էր տնտեսական իրավիճակով։ 2020 թ․ մուտքերի եւ ելքերի տարբերությունը եկել է 10 հազարից մի փոքր ավելի։

- Իսկ ավելի շատ եկե՞լ են, թե՞ ավելի շատ չեն գնացել։ 

- Ավելի շատ եկել են, որովհետեւ քովիդի պայմաններում բազմաթիվ անձինք ուղղակի վերադարձվում էին։ 

- Բայց դա նույնպես բնական ցուցանիշ համարվել չի կարող, որովհետեւ պայմաններն են հարկադրել մարդկանց՝ մնալ երկրում կամ վերադառնալ հայրենիք։ Այլ բան է, որ դու բնական միջավայր ես ստեղծում, որ մարդիկ ցանկանան վերադառնալ կամ մնալ եւ արարել իրենց հայրենիքում, ոչ թե արտագաղթել։ 

- Շատ լավ հարցադրում է, հիմա փորձեմ անդրադառնալ դրան։ Իրականում հարկադրանք չկա, հարկադրանք առաջանում է այն իրավիճակում, երբ, օրինակ, պատերազմական գործողություն է կամ բնական աղետ է, եւ այդ տարածքում մարդն ուղղակի չի կարող մնալ եւ ստիպված այդ տարածքից դուրս է գալիս։ Մյուսն էլի պայմանների մասին է խոսքը, թե ինչպիսի պայմաններ են ստեղծում։ Այդ պարագայում ես կարող եմ ասել, որ մենք սահմանահատումների դրական սալդո ունեցել ենք 2018 թվականին՝ + 15.000, 2019 թվականին՝ + 10.000, 2020 թվականին՝ +12.000։ Մենք նմանատիպ դրական ցուցանիշ ունեցել ենք նաեւ 2004-2006 թթ․։ Եթե ՀՆԱ-ի տատանողականության հետ համեմատենք, կտեսնենք, որ այն տարիներին, երբ ունեցել ենք դրական տնտեսական ցուցանիշներ, մեր դրական սահմանահատումների մնացորդն ավելի բարձր է եղել։

- Այսինքն՝ Քոչարյանի կառավարման շրջանում, երբ տնտեսական բում է եղել, մարդիկ վերադարձել են, մեկ էլ 18-ից հետո` հետհեղափոխական շրջանի առաջին տարիներին, երբ մարդկանց մոտ դրական սպասումներ կային, էլի վերադարձան։ Իսկ այն իրավիճակում, երբ քաղաքական անկայունություն է, հիասթափություն կա կամ դժգոհություններ, մարդիկ հեռանում են։ Ճի՞շտ եմ նկարագրում իրավիճակը։

- Ոչ, ճիշտ չեք նկարագրում, որովհետեւ կան սոցիոլոգիական հետազոտություններ, ես միշտ հիմնվում եմ սոցիոլոգիական, գիտական եւ վիճակագրական հետազոտությունների վրա։ Առկա են համապատասխանաբար սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնելու պատճառների շուրջ 70 տոկոսը տնտեսական են, պատճառների շուրջ 20-25 տոկոսը հիմնականում պայմանավորված են, այսպես կոչված, սոցիալ-հոգեբանական գործոններով, օրինակ՝ քաղաքացին կարող է ձեւակերպում տալ․ «Ես արդարություն այստեղ չտեսա», «Ես ավելի լավ ռազմավարական հեռանկար եմ փնտրում իմ ընտանիքի համար»։ Սրանք սոցիալ-հոգեբանական գործոններ են։ Եվ մնացած 5-7 տոկոսը պայմանավորված է ընդունող երկրում միգրացիոն կարգավորումներով։ Այսինքն՝ եթե ՌԴ-ում կամ այլ երկրում, որտեղ միգրացիոն կարգավորումներն ավելի խստացվեն, անձը կկայացնի հակառակ որոշում։

- Իսկ 2021-2022 թթ․ մասով ի՞նչ պատկեր ունենք, ավելի շատ գնո՞ւմ են, թե՞ գալիս։

- Ուրեմն, 2021 թ․ ընդհանուր պատկերը եղել է -43.000, որը մուտքերի եւ ելքերի տարբերությունն է, դա միգրացիոն սալդոն չէ, իսկ 2022 թ․, ինչպես նշեցի, առաջին եռամսյակի տվյալներն ունենք՝ -8000։ 

- Իսկ արտագաղթի եւ ներգաղթի առումո՞վ ինչ պատկեր ունենք, այսինքն՝ մեկ տարի եւ ավելի ժամկետով լքողների ու  վերադարձողների ցուցանիշն ինչպիսի՞ն է։

- 2021 թվականին՝ -4200։ Իսկ միգրացիայի մնացորդի տվյալներով մենք ունեցել ենք դրական ցուցանիշ երկու անգամ՝ 2022 թվականին, երբ եղել է +3400, եւ 1991 թվականին՝ +4400, մնացած ամբողջ ընթացքը եղել է բացասական»։