Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպ պայքարի բաժնի ծառայողները։
Նույն օրը ժամը 19։50-ի սահմաններում ոստիկանություն է դիմել Երևանի 21-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։00-ից մինչև ժամը 15։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը «Տիրի» նմանվող հրացանով կրակել և վնասել է իրենց արհեստանոցի վահանակը:
Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 16-ամյա Ա․ Բ․-ն, ով նույն օրը Սարյան փողոցի 31 հասցեի մոտից ձերբակալվել է: Նա հայտնել է, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։20-ի սահմաններում «Տիր» հրացանով 5 անգամ կրակել է նշված արհեստանոցի վահանակին:
0Comments