Պետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և Բաքվին

Մանրամասներ
ամն

Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Այս մասին հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը:

«Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով», - «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ ամփոփելով, որ այս պահին հավելելու ոչինչ չունեն:

«Ազատություն»-ը ամերիկյան արտաքին գերատեսչությունից հետաքրքրվել էր, մասնավորապես, թե հայկական և ադրբեջանական կողմերին հղած նամակներում ի՞նչ է առաջարկել և ի՞նչ փոխզիջումների մասին է գրել ԱՄՆ նախագահը:

Ջո Բայդենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակում վստահեցրել է, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ», - ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանին գրել է Բայդենը:

«Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում», - նաև նշել է ԱՄՆ նախագահը:

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերն այս շաբաթ է այցելել նախ Բաքու, ապա՝ Երևան, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին փոխանցելով Ջո Բայդենի նամակները: