Հրապարակը գրում է
Նախորդ տարի Գլխավոր դատախազությունը հանդես եկավ աղմկոտ հայտարարությամբ, թե պետական սեփականություն հանդիսացող, ավելի քան 97 մլն դրամ շուկայական արժեքով հողատարածքը կեղծ փաստաթղթի հիման վրա Ռուբեն Գեւորգյանի դստեր՝ Արմենուհի Գեւորգյանին է օտարվել ընդամենը 2 մլն 223 հազար 697 դրամով։ 2023-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդդեմ Արմենուհի Գեւորգյանի, որով արգելադրվել էր 6․452 քառակուսի մետր վիճելի տարածքը։
Գլխավոր դատախազությունը երեք հայցով վիճարկում էր վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Հայցեր էին ներկայացվել Երեւանի քաղաքապետի դեմ։ Նշենք, որ պայմանագրի կնքման ժամանակաշրջանում՝ 2014 թվականին, Երեւանի քաղաքապետ է եղել Տարոն Մարգարյանը։ Դատախազությունը հայցերով պահանջում էր վերացնել Երեւանի քաղաքապետի 2014 թվականի ապրիլի 23-ի՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Արմենուհի Գեւորգյանի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքված առքուվաճառքի պայմանագիրը։
Ներկայացված երեք հայցից այժմ դատարանում քննվում է մեկը։ Դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են․ ««Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած հողամասի նկատմամբ Արմենուհի Գեւորգյանի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով ներկայում ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում 1 հայց»։
Ի՞նչ եղան մյուս հայցերը
Այս տարվա օգոստոսին Վարչական դատարանը` դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, կայացրել է որոշում՝ մերժելով դատախազության մեկ հայցադիմումի ընդունումը, եւ, որպես պատճառաբանություն, նշել․ «Դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴ օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, քանի որ այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ»։
Դատախազությունից մեր հարցին ի պատասխան նշում են՝ դատարանի որոշումը բողոքարկվել է իրենց կողմից։ Դատախազությունը նաեւ հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարանի վարույթում գտնվող հայցով։ Դատախազությունը մեկ այլ հայցով՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետի, եւս պահանջում էր վերացնել Արմենուհի Գեւորգյանի եւ Երեւանի քաղաքապետի միջեւ կնքված պայմանագիրը։ Այս հայցադիմումը մակագրվել էր դատավոր Միքայել Մելքումյանին, որը եւս մերժել է հայցադիմումի ընդունումը։
Այս գործն անցել է տարբեր ատյաններով, ի վերջո՝ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը 2024 թվականի օգոստոսի 1-ին որոշում է հրապարակել, ըստ որի՝ գործի վարույթը կարճել է։ Դատարանի որոշման մեջ նշված է․ «Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ 23.04.2014 թվականի թիվ 1525-Ա եւ այն փոփոխելու մասին 15.10.2014 թվականի թիվ 3887-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք Երեւանի քաղաքապետի եւ Արմենուհի Գեւորգյանի միջեւ 05․11․2014 թվականին կնքված թիվ 297/2-Պփ պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործի վարույթը կարճել»։
«Ռիբոկի» թեման չի սահմանափակվում միայն վարչական գործերով․ Քննչական կոմիտեն էլ իր հերթին էր հաղորդագրություն տարածել, թե պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը՝ Բորիս Քոչարյանը, 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 եւ հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող հողատարածքի վերաբերյալ: 6452.68 քմ մակերեսով հողատարածքը, որն այդ ժամանակ վարձակալել է Արմենուհի Գեւորգյանը, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված չի եղել քաղաքացիներին սեփականության իրավունքով փոխանցման: Բայց պաշտոնյան թաքցրել է այս փաստը, ներկայացրել ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում էլ հողամասն օտարվել է նախկին պատգամավորի դստերը, ընդ որում՝ առանց հրապարակային սակարկությունների եւ կադաստրային արժեքով: Հարուցվել էր քրեական գործ, նախկին պաշտոնյան էլ ներգրավվել էր որպես մեղադրյալ։
Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ քրեական գործը հասել է դատարան եւ այնտեղ կարճվել, ինչի արդյունքում էլ արգելանքի տակ առնված վիճելի տարածքն արգելանքից դուրս է եկել։ Դատախազությունից մեզ փոխանցեցին․ «23.10.23-ին գործն ուղարկվել է դատարան, 05.12.23-ին Բորիս Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը՝ կարճվել»։
Ահա՝ այսպիսի դատական քաշքշուկ, հանրային աղմուկ եւ զրո արդյունք:
0Comments