Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել «շարժման» արդյունքից ելնելով. Սեյրան Օհանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այս պահին «Սրբազան շարժման» վերլուծության, վերագնահատումների, նաև հաջորդ փուլին անցնելու միջոցառումներ են ընթանում, և Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ, հանդիպել է նախագահներին և այդ շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԱԺ-ում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սրբազանի և իրենց ֆրակցիայի հանդիպման նպատակներին:

Նա նշեց, որ քննարկել են ընդհանուր «Սրբազան շարժմանը» վերաբերող հարցեր, նշել են, որ իրենք՝ որպես ընդդիմադիր շարժում, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին աջակցել են «Սրբազան շարժմանը» և շարունակելու են աջակցել:

«Քննարկվեցին նաեւ գործիքակազմեր, որոնք վերաբերում են ԱԺ ընդդիմադիր խմբակցության գործողություններին, որոնք վերաբերում են եւ անվստահությանը, եւ իշխանափոխությանը, եւ մնացած բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ ապագայում ևս մեր աջակցությունը ցուցաբերելու ենք որպես ընդդիմադիր ուժ, նաև Ազգային ժողովում»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 22-ին սպասվող մեծ միջոցառմանը իրենց աջակցությունը կունենան «Սրբազան շարժմանը»:

Դիտարկմանը, թե պայքարին չի՞ հաջողվում մարդաքանակ ապահովել՝ նա պատասխանեց, որ Սրբազանի գլխավորությամբ ձևավորված խորհուրդը օրակարգը կձևավորվի և այն ուղերձները, որ անհրաժեշտ է փոխանցել մեր ժողովրդին՝ կփոխանցվեն։

«Շարժման և՛ խորհուրդը, և՛ ղեկավարությունը, նաև մեր ժողովուրդը պիտի իմանան, որ յուրաքանչյուր պայքար պարունակում է համբերատար և համառ գործողություններ, և այդ պարագայում բոլորը պիտի իրենց դերակատարումն ունենան։ Նաև գտնում եմ, որ շատ ձգձգումներն էլ չպետք է լինեն: Պետք է լինեն գործողություններ, որոնք պայքարը կհասցնեն վերջնական նպատակին»,-ընդգծեց Օհանյանը։

Օհանյանը նշեց, որ Շարժման օրակարգում բոլոր գործողությունները շարունակում են մնալ նույնը: «Բայց նաև Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել Շարժման արդյունքից ելնելով, այսինքն, պետք է լինի ժողովրդական լայն համախմբում»,- շեշտեց նա։