ՌԴ-ն պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Դանիելյանը՝ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» նոր սահմանափակման վերաբերյալ

Մանրամասներ
գառնիկ

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում Ռուսաստանի Դաշնություն։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։

Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 2025թ-ի փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են նաև «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կանոնների և պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» № 1510 որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։

Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել է ՌԴ նախագահի 30․12․2024թ-ի № 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի և ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի են, թե՝ ոչ, որին ի պատասխան ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ փոփոխությունները տարածվում են նաև նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաև այլ պետություննների իրավասու մարմիններին, ուստի ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորության մասին։

ԱԳՆ-ն ևս հայտնում է նույնատիպ տեղեկություններ՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։

Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը՝ շարունակելու եմ հետևողական լինել և տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել հնարավոր նոր զարգացումները»,-գրել է  նա: