Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական լոգիստիկա է՝ ուղղված ՌԴ-ի, Իրանի և ՀՀ-ի դեմ. «Փաստ»

Մանրամասներ
քպ

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս մեկնաբանելով հնդկական ԶԼՄ-ներում արված հրապարակումն այն մասին, թե Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը: Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում»:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց քարոզչամեքենայի և հակառուսական փորձագետների միջոցով ՀՀ քաղաքացիներին տարիներ շարունակ համոզում են, թե ՌԴ-ն է ցանկանում զիջել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին, սակայն Մոսկվան հստակ հայտարարել է, որ նման բան չկա և ՌԴ-ն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պատերազմի միջոցով։

«Փաշինյանն ու Արևմուտքը ցանկանում են դուրս մղել ՌԴ-ն Հարավային Կովկասից. դրա առաջին փուլն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչի արդյունքում ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, իսկ Արցախը հայաթափվեց։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չնայած Փաշինյանը հետ չի կանչել ՀՀ-ի ստորագրությունը այդ փաստաթղթից։

Փաշինյանն Արևմուտքի հրահանգով փորձում է չեղարկել այդ փաստաթուղթը, որպեսզի ռուսական ուժայինները չհսկեն Ադրբեջանից Նախիջևան բեռների տեղափոխությունն ու Արևմուտքը կարողանա ռուսական ազդեցության նվազեցման հաշվին ուժեղացնել իրենց սատելիտ թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Սյունիքում և Իրանի սահմանամերձ շրջաններում»,-գրում են հեղինակները։

Նշվում է, որ Մոսկվան կարևորում է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը, այսինքն՝ ՀՀ-ին հստակ մեսիջ է հղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ Սյունիքով անցնող ճանապարհների նկատմամբ հսկողությունը չտրամադրել երրորդ՝ արևմտյան երկրներին կամ ընկերություններին։ Իրանն ու ՌԴ-ն դեմ են, որպեսզի անգլո-սաքսոնական ուժերն ու նրանց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդվեն Հարավային Կովկասում։ Այնինչ, Փաշինյանը հանուն սեփական իշխանության ամրապնդման պատրաստ է բավարարել թե՛ Արևմուտքի, թե՛ Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր պահանջները։

«Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի. դա գիտակցում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Իրանում, թե՛ ՀՀ առողջ, պետականամետ քաղաքական ուժերը, սակայն ոչ Փաշինյանն ու թիմը։ Նրանց համար գերնպատակը 2026 թվականին վերարտադրվելն է՝ անգամ ՌԴ-ի հետ կապերի խզման գնով։ Այսպիսով, Հարավային Կովկասում ստեղծվել է հետաքրքիր գեոպոլիտիկ ստատուսքվո։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» բացում, որը հսկվելու է Արևմուտքի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քանի որ դա համարում են Մեծ Թուրանի լոգիստիկա»,-նշում է տելեգրամյան ալիքն ու հավելում, որ Արևմուտքը, հենվելով Երևանում Փաշինյանի և նրա թիմի վրա, ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝ նվազեցնելով ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը ՀՀ-ում, ինչն առաջացնելու է ռուսական կողմի հակաքայլերը, այդ թվում՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապերի խորացման տեսքով. պատահական չէ, որ հենց Ադրբեջանով է անցնելու ՌԴ-Ադրբեջան-Իրան ապագա երկաթգիծը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ամեն գնով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը չի հսկվելու ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Արևմուտքի կողմից՝այդ լոգիստիկան օգտագործելով իրենց պանթուրքական ծրագրերում, այդ թվում՝ Իրանի դեմ անջատողական ծրագրերի համատեքստում՝ Իրանական Ադրբեջանում, և Իրանը ՀՀ-ից կտրելու ռազմավարության մեջ»,-գրում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և նոր կառավարությունը պետք է առաջնորդվի միայն հայկական ազգային, պետական շահերով, որպեսզի ՀՀ-ն չվերածվի proxy war-ի տարածքի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: