Բայդենը հետևում է Իսրայելում և Լիբանանում իրադարձությունների զարգացմանը․ Սպիտակ տուն

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետևում է իրավիճակի զարգացումը, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը, տեղեկացնում է NBC News-ը։

«Նախագահ Բայդենը ուշադիր հետևում է Իսրայելում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասել է Սավեթը։

«Ամբողջ երեկո նա շփվել է ազգային անվտանգության իր թիմի հետ: Նրա հրահանգով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները մշտական կապի մեջ են իսրայելցի գործընկերների հետ»,- նշել է նա։

«Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և կշարունակենք աշխատել տարածաշրջանում կայունության համար»,- հավելել է Սավեթը:

Ավելի վաղ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։ Իր հերթին «Հեզբոլլահը» հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հայտարարելով, որ այդ քայլերն արվել են ի պատասխան շարժման հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության։