ՊՆ-ն չէր կարող հուշագիր կնքել ու Ադրբեջանին տարածքներ փոխանցել, դա հակաօրինական է. իրավաբան

Մանրամասներ
ռուս սահմանապահ սյունիք

Եթե հուշագիրը Հայաստանի տարածքի հանձնման մասին է, ապա, միանշանակ, դա հակաօրինական է, բայց ամբողջ հարցը նրանում է, որ կգտնվի որևէ մեկը, որ կասի, որ դա Հայաստանի սուվերեն տարածքի մաս չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, ըստ որի՝ 2020 թ-ի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր, որով Ադրբեջանին է փոխանցվել Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի մի հատվածը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ որևէ փոփոխություն հանրաքվե է պահանջում, հանրաքվեից հետո արդեն որևէ տարածքի փոխանցումը որոշվում է միջազգային պայմանագրով, դա հենց փաստաթուղթ է, որը հաստանում է կողմերի կամքը։

«Բացի կամքը հաստատելուց՝ փաստաթուղթը պետք է մատնանշի բազմաթիվ մեխանիզմներ, մասնավորապես, այդ տարածքի վրա ապրող բնակիչների կենսական, սոցիալական իրավունքները։ Հետևապես, դա կարող էր լինել օրինակ խաղաղության պայմանագրի մասշտաբի փաստաթուղթ»,- նշել է Արա Ղազարյանը։

Դիտարկմանը, որ այդ ժամանակ սահմանազատում իրականացված չէր՝ նա ընդգծեց, որ մենք օրենք չունենք սահմանազատման, սահամագծման մասին։ «Բայց ժամանակը չի սպասում, որ մենք նման օրենք ընդունենք ու կիրառենք այն։ Սա հստակ քաղաքական պայմանավորվածության հարց է։ Այսինքն, սա որոշվել է քաղաքական պայմանավորվածությամբ՝ հիմնվելով ինչ-ինչ քարտեզների վրա։ Եվ այստեղ այո, հիմնական խնդիրն այն է, որ մենք օրենք չունենք»։

Իրավաբանն ընդգծեց, որ նման գործարքները պահանջում են մանրամասն ընթացակարգեր։ «ՊՆ-ն չէր կարող նման հուշագիր կնքել Ադրբեջանի հետ, քանի որ դրա վերաբերյալ մենք չունենք համապատասխան օրենք, դրա համար բավարարավել են հուշագրով, բայց միանշանակ է, որ տարածքները տալու հանգամանքը անօրինական ակտ է։ Այո, գործադիր իշխանությունը հուշագիր կարող էր ստորագրել, բայց դա չպետք է առնչվեր Հայաստանի սուվերեն տարածքին»։

Հարցին, թե հնարավո՞ր է որևէ կերպ վիճարկել փաստաթուղթը՝ նա պատասխանեց, որ միջազգային կարգով վիճարկել հուշագիրը կամ դրա հետևանքները հնարավոր չէ, սակայն որոշումը կարելի է անհատական կարգով վիճարկել։ «Որևէ քաղաքացի վարչական դատարանում կարող է վիճարկել այն, քանի որ հուշագիրը վարչական ակտ է և որոշում է կայացվել իր իրավունքների մասով, բայց եթե չեմ սխալվում՝ պետությունն արդեն փոխհատուցում տրամադրում է։ Թե որքանով դա արդյունավետ դա կլինի՝ այլ հարց է, բայց միջազգային դատարան դիմելու ընթացակարգ չկա։ Դա քաղաքական բանակցությունների արդյունք է, հետևաբար, այստեղ ոչ թե իրավական պատասխանատվության մասին կարելի է խոսել, այլ քաղաքական պատասխանատվության, իսկ քաղաքական պատասխանատվությունը իրավական կատեգորիա չէ»,-ասաց իրավաբանը։