Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին, դադարեցվել են թռիչքները դեպի Թել Ավիվ, Թեհրան, Բեյրութ․ Lufthansa Group

Մանրամասներ
իսրայել օդանավակայան ինքնաթիռ

Ավիափոխադրող Lufthansa Group-ը դադարեցրել է թռիչքները Իրանի և Իրաքի օդային տարածքով մինչև օգոստոսի 7-ը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։ Որոշումն ընդունվել է Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։

Lufthansa-ն, վկայակոչելով «անվտանգային իրավիճակի շարունակական վերանայումները», նաև հայտարարել է, որ մինչև օգոստոսի 7-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման և իրաքյան Էրբիլ քաղաք:

Բացի այդ, խումբը, որը ներառում է Swiss International Air Lines-ը, Austrian Airlines-ը և Eurowings-ը, հայտնել է, որ բոլոր թռիչքները դեպի Թել Ավիվ, Թեհրան և Բեյրութ դադարեցվել են մինչև օգոստոսի 12-ը ներառյալ:

Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվել է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո:

Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք: