Իրանը դուրս կգա միջուկային Գործողությունների ծրագրից (ԳՀՀԾ), եթե Արևմուտքի երկրները ճնշում գործադրեն նրա վրա. ԱԳՆ

Մանրամասներ
Իրանի ԱԳՆ

Իրանը դուրս կգա միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), եթե եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն գործի դնեն «ձգանի մեխանիզմը»: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ՝ հունվարի 13-ին, Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ Ժնևում միջուկային խնդրի շուրջ փակ բանակցություններ են տեղի կայացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև:

«Ինչ վերաբերում է «ձգանի մեխանիզմ» անվամբ հայտնի փաստարկի կիրառմանը, մենք դեռ Հասան Ռոհանիի կառավարության ժամանակներից հասկացրել ենք, որ եթե այդ լծակն օգտագործվի Իրանի վրա ճնշում գործադրելու համար, մեր պատասխանը համաչափ կլինի. ըստ էության, որևէ պատճառ չի մնա, որ Իրանը մնա որոշակի համաձայնագրերի մեջ»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

2024 թվականի նոյեմբերի 29-ին Ժնևում երկու տարվա դադարից հետո կայացան Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին: Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել քննարկումները։

Բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 14-15-ը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցելել էր Իրան: Այցի ընթացքում նա հանդիպումներ էր ունեցել Իրանի ղեկավարության հետ և այցելել Նաթանզում և Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտներ:

2015 թվականին Իրանը և վեց համաշխարհային տերություններ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) են կնքել, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018-ին ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները, որից հետո Իրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել ԳՀՀԾ-ի վերաբերյալ իր պարտավորությունները: