Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազային ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը և ընդգծում է, որ Ուկրաինան պատասխանատվություն չի կրում Ռուսաստանում կատարվող իրադարձությունների համար, գրում է ՈւՆԻԱՆ-ը։
Մեկնաբանելով ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան մասնակից է Բելգորոդի նավթաբազայում հրդեհի բռնկմանը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկն ասել է․
«Ցանկանում եմ նշել, որ այսօրվա դրությամբ՝ ուկրաինական պետությունը պաշտպանական գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ագրեսիային դիմակայելու ուղղությամբ։ Եվ սա բնավ չի նշանակում, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի բոլոր այն սխալների և բոլոր աղետների, բոլոր իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում», - ասել է Մոտուզյանիկը։
Նա ընդգծել է, որ չի հաստատելու և չի հերքելու այդ տեղեկությունը՝ հավելելով, որ «նման մեղադրանքներն առաջին անգամ չեն հնչում»։
Նշենք, որ այսօր ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում մեծ հրդեհ է բռնկվել, Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հրդեհն ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանք է։
0Comments