Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի, ներառյալ ահաբեկչությունների և սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտծված մի քանի հոգու՝ Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց: Դա տեղի կունենա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի շուրջ գործարքի առաջին՝ 42-օրյա փուլի ընթացքում։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Ազատ արձակվելիք պաղեստինցիներից 737-ը ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի և Պաղեստինի ինքնավարության իշխող ՖԱԹՀ շարժման անդամներ են, ինչպես նաև կանայք և երեխաներ, որոնք պահվում են Իսրայելի բանտերում:
Մյուս 1,167 պաղեստինցիները, որոնք ևս ազատ են արձակվելու, ձերբակալվել էին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային հարձակման ժամանակ: Նրանք չեն մասնակցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավարած ներխուժմանը:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել այսօր ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:
Ցանկը ստանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ռեժիմն այսօր ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին - Tert.am):
Հրդադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 1015-ին - Tert.am), սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։
0Comments