Շարունակվում են Ուկրաինայի ԶՈՒ հարձակումները ՌԴ տարածքների վրա

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ հատուկ ստորաբաժանումը մարտի 5-ի գիշերը ծովային դրոնների օգնությամբ գրոհել է ռուսական «Սերգեյ Կոտով» պարեկային նավը: Ենթադրվում է, որ նավը խորտակվել է: Հարձակումը տեղի է ունեցել Սև ծովում՝ Կերչի նեղուցից ոչ հեռու։ «Սերգեյ Կոտովի» անձնակազմի ճակատագրի մասին ուկրաինական ռազմական հետախուզությունը չի հայտնել։ Ռուսական կողմը պաշտոնապես չի արձագանքել տեղեկությանը:

Միաժամանակ, Ռուսաստանի Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի վերացման մասին: Ավելի վաղ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել էր մարզում ավիացիոն վտանգի մասին՝ Ուկրաինայի կողմից մոտեցող անօդաչու թռչող սարքերի պատճառով: Նա հայտնել էր, որ ՀՕՊ ուժերն ու միջոցները բերվել են մարտական պատրաստության՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել թաքնվել մոտակա շենքում, ապաստանել ավտոկայանատեղիներում կամ գետնանցումներում:

Ավելի վաղ Բելգորոդի մարզում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել, վնասվել է ջրամբար: Մարտի 5-ի գիշերը Բելգորոդի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական երեք ԱԹՍ: Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտն էլ հայտնել է երկաթուղային կայարանի ուղղությամբ ինը թռիչքի մասին: Այնտեղ հրդեհ է բռնկվել, որը մարվել է: Տուժածներ չկան։

Մանրամասները՝ 1lurer.am-ի ռեպորտաժում: