Միշտ չէ, որ այս իշխանություններին վռնդելու գործընթացը տեսանելի է, բայց այն գնում է. Գագիկ Մինասյան

Մանրամասներ
Գագիկ Մինասյան

Ավելի ակնհայտ է դառնում, որ այս վարչախումբը մի նպատակ ունի՝ հեռացնել քաղաքական դաշտից այն գործիչներին, որոնք առավել ակտիվ են պայքարում այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը։

«Գնալով այդ պայքարն ավելի է խստանալու, որովհետև հասարակության ավելի շատ հատվածներ հասկանում են, թե ինչ ողբերգություն է բերել այս թուրք-ադրբեջանական գործակալական իշխանությունը: Մենք մյուս կողմից մեր աջակցությունը պետք է ավելի հզորացնենք մեր բոլոր քաղբանտարկյալներին, որ կարողանանք հնարավորինս շուտ հասնել այն նպատակին, որին կոնկրետ ՀՀԿ-ն լծված է 2018-ին՝ սրանց վռնդել իշխանությունից, որպեսզի 1988-ից սկսած մեր ընթացքը հասցնենք իր նպատակին»,-ասաց նա։ 

Հարցին, թե ընդդիմության կողմից այս իշխանություններին վռնդելու գործընթացներ կա՞ն, Մինասյանը պատասխանեց, որ դրսևորումները ոչ այնքան ցայտուն են, բայց տարբեր գործընթացներ գնում են։ «Միշտ չէ, որ այդ գործընթացները տեսանելի են հանրությանը, միշտ չէ, որ այդ գործընթացներից մենք գոհ ենք, բայց պրոցեսը գնում է»:

Անդրադառնալով հարցումների արդյունքներին, Գագիկ Մինասյանը նկատեց, որ ընդամենը 3 ամսում 12 տոկոսով ավելացել է իշխանության նկատմամբ անվստահություն հայտնողների քանակը. «Այս առողջացման գործընթացն այլեւս անկասելի է»: