Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է, կղզին երբեք չի դառնա առանձին երկիր եւ անկախ պետություն։ Այս մասին ճեպազրուցում հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։
«Թայվանը երբեք առանձին երկիր չի լինի, Թայվանի անկախությունը երբեք ձեռք չի բերվի, Չինաստանը բաժանելու արտաքին ուժերի մտահղացումը երբեք հաջողություն չի ունենա»,- ասել է Ու Ցյանը։
Նա ավելացրել է, որ «Հայրենիքի միավորման համար Թայվանը պետք է վերադարձվի»։ «Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կխոսի գործողություններով, նա միշտ մեծ պողպատե պատ կլինի, որը կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ու Ցյանը։
Հունվարի 13-ին Թայվանում տեղի են ունեցել տեղի վարչակազմի եւ օրենսդիր յուանի (խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ։ Կղզու նոր ղեկավարի պաշտոնի համար պայքարում հաղթանակ է տարել վարչակազմի ղեկավարի գործող տեղակալ, Թայվանի Դեմոկրատական առաջադեմ կուսակցության ներկայացուցիչ Լայ Ցինդեն, որը հավաքել է 40,05 տոկոս ձայն։ Նա պաշտոնը կստանձնի մայիսին։
Թայվանը սեփական կառավարում ունի 1949-ից, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Այդ ժամանակվանից Թայվանը պահպանել է իր դրոշն ու նախկին Չինաստանի Հանրապետության (որը գոյություն ուներ մինչեւ կոմունիստների իշխանության գալը) որոշ այլ ատրիբուտներ։ Չինաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում է երկրների մեծ մասը, ներառյալ Ռուսաստանը, կղզին չինական նահանգներից մեկն է։
0Comments