ԱՄԷ-ն և ԱՄՆ-ը քննարկել են Ասադի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Մանրամասներ
ասադ

ԱՄՆ-ը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) վերջին ամիսներին քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ պատժամիջոցների վերացման հնարավորությունը՝ նրա և Իրանի միջև «սեպ խրելու» նպատակով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան, սիրիական և լիբանանյան աղբյուրներին, ինչպես նաև երկու արտասահմանցի դիվանագետների։

Հինգ աղբյուրների խոսքով՝ պատժամիջոցների վերացման պայման կարող է դառնալ Ասադի «հեռավորությունը» Թեհրանից և զենքի մատակարարման ուղիների փակումը լիբանանյան «Հըզբոլլահի» համար։

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ բանակցություններն ակտիվացել են դեկտեմբերի 20-ին Ասադի նկատմամբ «Ցեզարի օրենքի» շրջանակում սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այդ միջոցը սահմանափակումներ է նախատեսում նրանց համար, ովքեր աջակցում են Ասադին կամ սիրիական ընկերություններին։ Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ քննարկումների մի մասը կենտրոնացել է այդ պատժամիջոցների չերկարաձգման վրա։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ քննարկումներն ընթացել են մինչև սիրիական ապստամբների հարձակման մեկնարկը, որի հետևանքով նրանք առաջին անգամ 2016 թվականից ի վեր գրավել են Հալեպ քաղաքը և առաջխաղացումներ գրանցել Իդլիբի և Համայի նահանգներում։ Reuters-ի աղբյուրներն էսկալացիան գնահատում են՝ որպես Սիրիայի և Իրանի միության թուլության նշան, որը ԱՄՆ-ը և ԱՄԷ-ն փորձում են օգտագործել իրենց նպատակների համար։ Սակայն, եթե Դամասկոսը դիմի Իրանի օգնությանը հարձակումները հետ մղելու համար, դա կարող է բարդացնել Վաշինգտոնի և Աբու Դաբիի ջանքերը։

Տարածաշրջանային բարձրաստիճան դիվանագետի խոսքով, որը տեղեկացված է Թեհրանում, Իրանը տեղյակ է «որոշ արաբական երկրների՝ Իրանից Սիրիան մեկուսացնելու նպատակով ձեռնարկած գաղտնի ջանքերի» մասին, որոնք կապված են ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների հնարավոր մեղմացման առաջարկի հետ։ Reuters-ի զրուցակիցը հավելել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Ասադին ուղերձ է հղել. «Մի՛ մոռացիր անցյալը»։ «Այս ուղերձը հիշեցում էր Ասադին, թե ովքեր են նրա իսկական դաշնակիցները»,- նշել է դիվանագետը։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին դեկտեմբերի 1-ին Դամասկոսում հանդիպել է Ասադի հետ և հաստատել Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնելու Սիրիային մարտնչող խմբերի դեմ պայքարում։ Սիրիայի նախագահը հանդիպել է նաև ԱՄԷ-ի առաջնորդ Մուհամմադ բին Զայիդ ալ Նահյանի հետ։ Վերջինս նույնպես հաստատել է Սիրիային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում աջակցելու պատրաստակամությունը։

Reuters-ը նշում է, որ լիբանանյան լրատվամիջոցները պնդում են, թե Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման առաջարկով ԱՄՆ-ին դիմել է Իսրայելը։ Գործակալության աղբյուրները նշել են, որ ԱՄԷ-ն «վաղուց ցանկանում է» Ասադին հեռացնել Իրանից և հաստատել գործարար հարաբերություններ Սիրիայի հետ, սակայն դրան խոչընդոտում են ԱՄՆ-ի պատժամիջոցները։

Բացի ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումից, օգտագործվում են նաև այլ միջոցներ, գրում է գործակալությունը։ Պարսից ծոցի երկրներից մեկում տեղակայված արտասահմանցի դիվանագետը հայտնել է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան վերջին ամիսներին Ասադին «ֆինանսական խթաններ» են առաջարկել Իրանի հետ հարաբերությունները խզելու համար՝ ընդգծելով, որ դրանք չեն կարող իրագործվել առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցման։ Մասնավորապես, Աբու Դաբին խոստացել է միջոցներ տրամադրել Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման համար, հայտնել է Reuters-ի լիբանանյան աղբյուրը։