Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հնագույն քաղաքակրթություններ են, երկու ժողովուրդներն էլ սիրում են խաղաղություն, աշխատասեր են, խիզախ ու հյուրասեր, ինչը շփման բազմաթիվ ընդհանուր կետեր է ստեղծում և ամուր հիմք դնում մշակութային փոխանակումների և փոխուսուցման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ հայտնեց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Նա ընդգծեց, որ տվյալ իրադարձությունը նոր պատմական դարաշրջան բացեց չին ազգի զարգացման և առաջընթացի համար՝ զգալիորեն փոխելով աշխարհի զարգացման ընթացքը և կառուցվածքը։
«Անցած 75 տարիների ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, չին ժողովրդին առաջնորդելով անդադար պայքարի և ինքնակատարելագործման ուղիով, վերափոխեց աղքատ, հետամնաց և փակ Չինաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ՝ ժամանակակից, բաց և բարգավաճող պետության, ստեղծելով երկու հրաշք՝ արագ տնտեսական զարգացում և երկարատև սոցիալական կայունություն, ինչպես նաև ձեռք բերելով հսկայական նվաճումներ, որոնք զարմացրել են ողջ աշխարհին։ Նոր ժամանակաշրջանից ի վեր, ընկեր Սի Ծինփինի գլխավորությամբ և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավարությամբ՝ կուսակցությունը և պետությունը պատմական առաջընթաց են գրանցել՝ հաջողությամբ առաջ մղելով և ընդլայնելով չինական ոճի արդիականացումը, իսկ չին ազգի մեծ վերածննդի գաղափարի գործընթացը դարձել է անդառնալի»,- ասաց Չեն Մինը։
Նա հիշեցրեց, որ այս տարի լրացել է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, և երկու երկրների բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ առողջ և կայուն կերպով՝ ցուցաբերելով նոր արդյունքներ տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։
«Բարձր մակարդակի փոխայցելությունները հասել են նոր բարձունքների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաջորդաբար այցելել են Չինաստան, իսկ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին։ Երկու երկրների կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների միջև բոլոր մակարդակներում փոխանակումներն ու համագործակցությունն ավելի են սերտանում, այցելությունների և փոխանակումների քանակը շարունակաբար աճում է»,- նշեց ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Չեն Մինի դիտարկմամբ՝ գործնական համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ։ Այս տարվա հունվարից օգոստոս ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 1.87 միլիարդ դոլար՝ աճելով 37.7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա առաջին կեսին Չինաստան է այցելել մոտ 11,500 հայ զբոսաշրջիկ, ինչը 1.1 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սեպտեմբեր ամսվա սկզբին հաջողությամբ կայացավ Չինական «Հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից իրականացվող Ուրումչի-Երևան առաջին ուղիղ չվերթը, որը դարձավ երկու երկրների միջև առաջին ուղիղ ավիաչվերթը։ Այն երկու երկրների միջև ազատ վիզային ռեժիմի հետ միասին էլ ավելի է հեշտացնում քաղաքացիների փոխանակումները։
Հաջորդ ամիս ավելի քան 20 հայկական ընկերություններ կմեկնեն Շանհայ՝ մասնակցելու Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ նախանշելով Հայաստանի տարբեր յուրահատուկ և մրցունակ ապրանքների մուտքը չինական շուկա։ Հայտնի չինական ապրանքանիշերը, ինչպիսիք են Xiaomi-ն, Gree-ն, Haier-ը, Jetour-ը և այլն, բացել են իրենց մասնագիտացված խանութները Հայաստանում՝ ավելի շատ հնարավորություն տալով հայ ժողովրդին զգալ չինական նորարարության հմայքը։
«Մեր ժողովուրդների միջև փոխանակումները նոր շունչ են ստանում։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Հայաստան-Չինաստան» բարեկամության միությունը և Չինաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված կարևոր տոներին և իրադարձություններին, ինչպիսիք են օրինակ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, ՉԺՀ ազգային տոնը և այլն, ակտիվորեն նպաստելով երկու երկրների ժողովուրդների միջև փոխադարձ կապի ամրապնդմանը»,- ասաց Չեն Մինը։
Նրա կարծիքով՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը նորարարական մոտեցումներ է ներդնում, ինչը նպաստում է Հայաստանում չինարեն լեզվի ուսուցման զարգացմանը և բազմաթիվ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթը, Միջազգային չինարենի օրը, չինական երգի մրցույթը, կրթության ու աշխատանքի տոնավաճառը և այլն, խթանում են հայ երիտասարդների հետաքրքրությունը չինարեն լեզվի ուսումնասիրման և չինական մշակույթին ծանոթանալու նկատմամբ։
«Չինաստանում կայացել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հայկական արվեստի և գինու փառատոնը, Հայաստանի 18-ից-20-րդ դարերի մշակութային գանձերի ցուցահանդեսը, Չինական մեծ պատի միջազգային մշակութային կենտրոնում Հայաստանի մշակութային օրերը, իսկ Հայաստանում անցկացվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է Շանսի նահանգի Չժոու դարաշրջանի թվային ցուցահանդեսը՝ «Ցին թագավորության հզորությունը» վերնագրով, ինչը լրացուցիչ փայլ է հաղորդում երկու երկրների միջև մշակութային փոխանակումներին և փոխադարձ ուսուցմանը։ Ապագայում մենք պատրաստ ենք աշխատել մեր հայ ընկերների հետ՝ խթանելու ավանդական բարեկամությունը, աշխատել միասին և ձգտել զարգացնել հարաբերությունները Չինաստանի և Հայաստանի միջև ավելի բարձր մակարդակով՝ ավելի լավ ծառայելու երկու երկրների ժողովուրդների շահերին»,- եզրափակեց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը։
0Comments