ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ձևաչափն անփոփոխ է մնում, և Երևանից համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդանշաններ չեն ստացվել։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը», – ասել է Տասմագամբետովը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը ասաց նաև, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ հետզհետե ավելի դժվար է դառնում, եթե չասենք անհնարին, նրա խոսքերով՝ «անդառնալի կետը» հատվել է։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ արևմտյանները դրդել են ՀՀ իշխանություններին սառեցնել իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Փաշինյանի խոսքերն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը «դժբախտության ժամանակ լքել է Հայաստանը», իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Գյումրու այս բազայի օդային բաղադրիչը Երևանում գտնվող Էրեբունի ավիաբազան է։
0Comments