Ժամը 10․00-ի դրությամբ 88,780 անձ ժամանել է ՀՀ, ինտենսիվության նվազում ունենք․ Նազելի Բաղդասարյան

Մանրամասներ
կառավարություն

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հումանիտար կենտրոնից ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է տվյալներ՝ Արցախից բռնի տեղահանվածների վիճակի վերաբերյալ։

«Ժամը 6-ի դրությամբ 84,770 անձ ժամանել է Հայաստան, ժամը 8․00-ի դրությամբ այդ թիվը կազմել է 86,560, ժամը 10․00-ի դրությամբ 88,780 անձ է ժամանել Լեռնային Ղարաբաղից։

Ինչպես տեսնում ենք թվային դինամիկայից՝ ինտենսիվության որոշակի նվազում ունենք։ Այնուամենայնիվ մենք հետևելու ենք զարգացումներին  և տրամադրելու ենք համաժամանակյա տեղեկատվություն»,- ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ Հակարիի կամուրջը ժամը 10․00-ի դրությամբ  հատել է 18,700 տրանսպորտային միջոց։

«Ինչպես գիտեք երեկ երեկոյան մեքենաները  հասել էին Ստեփանակերտի հրապարակ ու այնտեղից ուղևորվել էին դեպի Գորիս։ Այս պահի դրությամբ մեքենաները ՀՀ են տեղափոխել  շուրջ 200 բռնի տեղահանված անձանց։ Ուզում եմ հավելել, որ ավտոբուսները կրկին շարժվելու են Ստեփանակերտ, այն անձիք, ովքեր ուզում են ժամանել Հայաստան, մեքենաները կշարժվեն այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը, ով ցանկություն կհայտնի, կհասնի Հայաստան։

Այս պահի դրությամբ 63,483 անձ արդեն հաշվառվել է, հաշվառման գործընթացը չափազանց կարևոր է և ես հորդորում եմ բոլոր անձանց, ովքեր այս մղձավանջից հետո հանգստացել են, լծվեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է ձեր հաշվառումը։ Եթե Վայքում կամ Գորիսում չեք հասցրել հաշվառվել, հորդորում եմ մոտենալ մարզային կենտրոնների  տարածքային ստորաբաժանումներ  և կոնտակտային անձերի միջոցով իրականացնել ձեր հաշվառումը»,- նշեց վարչապետի մամուլի խոսնակը։

Բաղդասարյանը ներկայացրեց նաև, թե քանի անձ է օգտվել պետության կողմից առաջարկված կեցավայրից։

«Նախորդ երեկոյան ունեինք 17,153 ցուցանիշ, այս պահի դրությամբ այն կազմում է 20,306։ Բոլոր նրանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, առաջարկվում է կեղացայր։ Ուզում եմ ներկայացնել, թե ինչ ցուցանիշ ունենք մարզերում։

Արագածոտնի մարզում՝ 972, Արարատի մարզում՝ 4,658, Արմավիրի մարզում՝ 1,772, Գեղարքունիքում՝ 1,935, Լոռիում՝ 921, Կոտայքում՝ 4,622, Շիրակի մարզում տեղավորվել է 900 անձ, Սյունիքում 2,040, Վայոց ձորում՝ 1,370, Տավուշում՝ 1,116»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։