Մենք որոշում կայացրեցինք, որ արտակարգ իրավիճակի դեպքում լինի մի հեռախոսահամար, որպեսզի մարդը այդ մի հեռախոսահամարով դիմի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության քննարկման ժամանակ:
«Հիմա ենթադրենք մի տեղ, որտեղ հանցանք է տեղի ունեցել, զուգահեռ կարող է նաև շտապօգնության անհրաժեշտությունը լինի, զուգահեռ կարող է նաև հրդեհ բռնկվի և այլն։ Այսինքն մարդը իմանա, որ ինքը օգնության կամ ինչ-որ բանի կարիք ունի, մի հեռախոսահամար լինի բոլորի համար»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրության համար հարմար է, որ դա լինի 911-ը, քանի որ ֆիլմերից հայտնի է:
«Բոլոր կինոներում, բոլոր հոլովակներում երևի կա: Կարող է ասեն՝ էլի շեղվում ենք մեր արժեքներից և օտարածին բաներ ենք անում»,-ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, Փաշինյանն ասաց. «Ես բազմիցս եմ ասել, որ ուժային կառույցները հենց իրենք իրենց մասին ասում են, դրանք կառույցներ են, որ պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, բնականաբար օրինական, լեգիտիմ։ Այսինքն, եթե օրինակ մենք դեյուրե կամ դե ֆակտո ոստիկանությունը ուժ կիրառելու հնարավորություն իրավունք չունենա, այդ ոստիկանության գոյությունը ուղղակի անիմաստ է։ Այսինքն հենց ոստիկանությունը դրանով է ոստիկանություն, որ ըստ պատեհության, օրենքով սահմանված դեպքերի ուժ կիրառի»:
Քանի որ քաղաքական քննարկումները շատ են, Փաշինյանը հարկ համարեց ընդգծել, որ սա իր դիրքորոշումը չէ որպես վարչապետ, ապա հիշեցրեց, որ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ էր եղել, այդ մասով իր ելույթի ժամանակ ասել էր, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանը թիրախավորել իր ծառայության համար: Ըստ Փաշինյանի՝ այն ժամանակ էլ էր դա իր համոզմունքը, հիմա էլ է իր համոզմունքը:
«Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք, ու սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա այսպիսի հարց, երբ «պրիտենզիաներ» են ներկայացվում ուժ կիրառելու համար, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում, ասում են՝ մենք մեր գործն ենք արել, դա մեր աշխատանքն է, և ինչ-որ առումով ճիշտ են ասում: Բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են՝ դրան պետք է որոշակի ձև լինի, չափ լինի, սահման լինի, և մենք, այս հարցն ուսումնասիրելով, հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի:
Որ անկեղծ ասեմ, ինքս էլ վստահ չեմ, որ այլ երկրներում, գոնե մի շարք երկրներում այդ ստանդարտը գոյություն կունենա: Այս համատեքստում սա մեր ամենակարևոր հարցն է, որ բոլորի համար թափանցիկ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում ինչ տիպի ուժ պետք է կիրառի»,- ասաց նա:
0Comments