Գաղտնիք չէ, որ «Բաց հասարակության հիմնադրամը», որն առավել հայտնի է որպես «Սորոսի» հիմնադրամ, Հայաստանում տարեկան տասնյակ ծրագրեր է ֆինանսավորում: Հիմնադրամի գրանտներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն: Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության աճող հետաքրքրությունը Սորոսյան գրանտներից օգտվող կազմակերպությունների և անհատների հանդեպ, ստորև ներկայացնում ենք նախորդ տարի հիմնադրամից ով և որքան դրամաշնորհ է ստացել: Մասնավորապես, անդրադարձել ենք 10.000 դոլար և բարձր դրամաշնորհ ստացածներին:
Այսպես՝
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի համակարգող Արամայիս Պետրոսյանին նախորդ տարի փոխանցվել է 20.000$ գումար: Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է՝ խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհ-ի կառավարմանը և բուհ-ում գնումների գործընթացի մոնիտորինգին:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2018 թվականին «Բաց հասարակության հիմնադրամից» ստացել է $60,000 դրամաշնորհ: Պաշտոնական կայքում նշվում է, որ դրամաշնորհի թիրախներ են՝ տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև աջակցությունը Արմավիրի, Գավառի, Գյումրիի եւ Վանաձորի երիտասարդական կենտրոնների գործունեությանը: Բացի այդ, դրամաշնորհի պայմանների մեջ է մտնում օժանդակությունը երիտասարդներին՝ ձեռք բերելու հմտություններ եւ գործիքներ տեղական իշխանությունների լսումների, պետական որոշումների եւ պետական միջոցների օգտագործման վերահսկման համար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է 26,790 դոլար: Դրամաշնորհի տրամադրման նպատակն է՝ ապահովել դատական համակարգի անկախությունը` վերահսկելով 2018-ի փետրվարին ստեղծված Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորումը եւ գործունեությունը:
«Մանդատ» ՀԿ-ն և, մասնավորապես, Լուսինե Վասիլյանը ստացել է 71,640 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ վերահսկել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, նրա վերահսկողության գործառույթը, խորհրդարանական խմբակցությունների եւ խորհրդարանի անդամների գործունեությունը: 2019թ. գարնանային նստաշրջաններում նպաստել խորհրդարանի որպես օրենսդրական, ներկայացուցչական եւ քաղաքական մարմնի թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը:
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Գայանե Աբրահամյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է երկու դրամաշնորհ, առաջինը ՝ 25,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանում ԶԼՄ-ների անկախության ապահովմանը, կազմակերպելով ԶԼՄ ազատության եւ երկրում լրագրողների եւ խմբագիրների ցանցի ամրապնդմանն ուղղված երեք տարածաշրջանային սեմինար: Երկրորդ դրամաշնորհը կազմել է 40,850 ԱՄՆ դոլար և նպատակը «Հոդված 3» ակումբին աջակցելն է:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ղեկավար Ժաննա Մայիլյանը ստացել է 25,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` կազմակերպել քարոզչական արշավ` ցավազրկող դեղամիջոցների պահանջարկը բարձրացնելու, բուժաշխատողների՝ օպիոիդ դեղատոմսերի մասին գիտելիքներ ձեռք բերելու եւ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար:
«Խորան Արդ» ՀԿ-ի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին փոխանցվել է 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Գյումրիում քաղաքացիական հասարակության կենտրոնի ստեղծմանը:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արմավիրում քաղաքացիական հասարակության կենտրոնի ստեղծմանը:
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ ղեկավար Սուսաննա Շահնազարյանը ստացել է 20,000 դոլար: Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի քաղաքացիական հասարակության կենտրոնին, որպես տեղական բանավեճերի տեղակայման եւ լոկալ ակտիվիզմի ռեսուրսային կենտրոն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ստացել է 38,947,000 ՀՀ դրամի դրամաշնորհ: Նպատակը է՝ ստեղծել գիտելիքների կենտրոն՝ մարդու իրավունքների, քրեական արդարադատության եւ սոցիալական արդարության ոլորտներում մոնիտորինգ իրականացնելու համար:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» նախորդ տարի մի քանի գրանտ է ստացել: Նախ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի անունով կատարվել է 114,720.00 ԱՄՆ դոլարի փոխանցում: Արայիկ Զալյանի անունով՝ 25,000 ԱՄՆ դոլար է փոխանցվել: Ծրագիրը նպատակ ունի նպաստել եւ պաշտպանել Հայաստանում խոցելի խմբերի իրավունքները:
«Ֆակտոր» (Factor.am) ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Արևհատ Սահակյանի անունով «Սորոսի հիմնադրամից» փոխանցվել է 100,000.00 դոլար: Դրամաշնորհի նպատակն է` աջակցել անկախ առցանց լրատվամիջոցների հարթակին:
0Comments