Արցախահայերը պայման են դրել․ Ստեփանակերտից պատասխանել են Լավրովին

Մանրամասներ

Լաչինի ճանապարհը անխափան աշխատելուց հետո միայն կարող են այլընտրանքային տարբերակները քննարկման առարկա դառնալ, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Մենք հստակ ասում ենք՝ մենք ունենք ստորագրված փաստաթղթով միջանցք՝ Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան, անխափան աշխատելուց հետո այդ ալտերնատիվ տարբերակները արդեն քննարկման ենթակա հարցեր են», - ասել է պատգամավորը։

Ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով պետական ապարատի պաշտոնյայի, գրել էր, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայնել են ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։ Բայց, այդ նույն պաշտոնյայի խոսքով՝ արցախահայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը, և փոխզիջումը չի կայացել։

«Ո՞վ է ասել, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի միայն հումանիտար բեռների շնորհիվ, որտե՞ղ է դա գրված, աշխարհում կա՞ մի այլ ժողովուրդ, որը պետք է հումանիտար բեռով ապրի, իսկ հիմա այդ տարբերակները, որոնց մասին խոսվում է եվրոպական և ռուսաստանյան հարթակում, այնպիսի տպավորություն է, որ Արցախի ժողովուրդը պետք է միայն ապրի հումանիտար բեռով՝ դա կլինի Լաչինի միջանքով, թե Աղդամով, իրենց համար տարբերություն չկա», - շեշտել է Արթուր Հարությունյանը։

Արցախի համար առնվազն անհասկանալի ու անընդունելի է միջնորդների կամ գլխավոր դերակատարների կողմից այդ մոտեցումը, հավելել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Բաքուն ուզում Աղդամի ճանապարհն առաջ բերել և այդտեղ բեռներ բերել Արցախ, նա պատասխանել է. - «Ուզում է ցույց տալ աշխարհին, այդ նույն դերակատարներին, որ մենք երկխոսությունն ունենք, մենք արդեն իրար հետ այդ հարցերը կարգավորում ենք, տեսեք՝ արդեն Աղդամով էլ է բեռ գալիս։ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ մենք հասկանում ենք, թե իրենք ինչ են դրանով ուզում անել. ուզում են էթնիկ զտում անել, հաջորդ օրը բացեն Լաչինի միջանցքը, 3-4 օր հետո նորից փակեն Լաչինի միջանցքը և ասեն՝ այո, հիմա կա Աղդամի այլընտրանքը, կարող եք այդտեղից ապրանքներ բերել։ Այն դեպքում, երբ մենք հստակ ունենք փաստաթղթով Լաչինի միջանցք հասկացությունը, որը բոլորը թողել են մի կողմ, խոսում են ինչ-որ այլ ալտերնատիվ ճանապարհներից։ Ուղղակի ապշելու է, չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ»։

Պաշտոնական Երևանը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այդ հրապարակումը։

Մանրմասն՝ սկզբնաղբյուր կայքում