Ամբողջությամբ վերակառուցվել և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով վերազինվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» ենթակայանը:
Այն վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության սեփական միջոցներով։
«Լիճքը» կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։
Վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Կասկադ-Էներգո» ընկերության կողմից։ Ենթակայանը շահագործվում է 1966 թվականից։
2020 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։
Ապամոնտաժվել են 220, 110, 35 կՎ սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ երկու տրանսֆորմատորները։
Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու՝ նոր 35/35 կՎ լարման գծային կարգավորիչ տրանսֆորմատորներ, ինչպես նաև 220, 110, 35 կՎ նոր սարքավորումներ։
Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 35 կՎ ՓԲՍ նոր շենք։
Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերը։
Բարեկարգվել է ենթակայանի տարածքը, վերակառուցվել է պարիսպը և տեղադրվել են տեսահսկման համակարգեր։
0Comments