Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն․ Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ

Սույն թվականի հունիսի 1-ին ամբողջ համացանցում տարածված տեսանյութը, որում արտացոլված միջադեպը փաստորեն տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 10-ին և ստացել ոչ պատշաճ իրավական ընթացք, փաստում է մի պարզ բանի մասին՝ որ անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքների՝ բացասաբար ազդելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, այլև ուժային կառույցների, ՀՀ ընդհանուր անվտանգային համակարգի և վերջիններիս վարկանիշի վրա: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի օրենքի գերակայության երկիր, որի առաջ կհավասարվեն բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, պաշտոնից, դիրքից: Նշեմ նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ զինվորականի բարոյական կոդեքսի» մշակման աշխատանքների շրջանակներում, քննարկման փաթեթներն ուղարկվել են նաև բոլոր ուժային կառույցներին՝ հետադարձ կապի և ակտիվ մասնակցության ակնկալիքով, քանի որ բարոյականության արժեհամակարգը ոչ միայն գերակա պետք է լինի Զինված ուժերում, այլև ուժային բոլոր կառույցներում, համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու առօրյայում և ի վերջո կրի համազգային բնույթ: Միայն այդպես կարող է ձևավորվել փոխադարձ վստահության և համազգային համերաշխության կայուն մթնոլորտ:

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս միջադեպը բարոյական կոդեքսի և վերջինիս կիրառության բացակայության ևս մեկ վառ օրինակ են:

Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն և խիստ՝ հատկապես կադրային քաղաքականության և վերջինիս ընտրության հարցում՝ առաջնահերթությունը տալով մարդկային բարձր արժեհամակարգին, ապա՝ մասնագիտական որակներին»,- ասել է նա։