Մեր նպատակն է անվտանգության ու խաղաղության գոտի ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայում ընտրական մարաթոնի հաղթողը ժողովրդավարությունն ու թուրք ժողովուրդն էր։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի Առևտրի և արդյունաբերության և բորսաների պալատների ասոցիացիայի նիստում, այս մասին գրել է Anadolu-ն։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել մայիսի ընտրություններին։ «Ընտրությունների անվիճելի հաղթող եմ համարում յուրաքանչյուր քաղաքացու, որը հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային, յուրաքանչյուրին, որն իրեն այս հողի մաս է անվանում։ Անատոլիայի բնակիչների իմաստությունը կրկին իշխեց «քաղաքականության ինժեներներին»։ Ահաբեկչական կազմակերպությունների կիրառմամբ Թուրքիայի ընթացքի վրա ազդելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանն այնուհետև անդրադարձել է աշխարհաքաղաքական գործընթացների թեմային, ինչպես նաև դրանց ազդեցությանն այն տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան է։ «Մեր նպատակն է «անվտանգության ու խաղաղության գոտի» ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք»,- ասել է նա։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարգավորելու համար։

Էրդողանը վստահեցրել է, որ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ Թուրքիայի խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարություն մշակելու համար։

Թուրքիայի նախագահը գործարար համայնքի ներկայացուցիչներին հորդորել է հավատալ Թուրքիայի տնտեսության հզորությանը և խուսափել բացասական սցենարներից։