Մենք քննարկում ենք մեր իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ խումբ է այցելելու Հայաստան սահմանային անվտանգության հետ կապված, որքանո՞վ է դա առնչվում Իրանին և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այս հարցը:
Նա նկատեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան եւ որեւէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով. «Կարծում եմ՝ հայտարարությունը, որ հրապարակվել էր, եւս մեկ վկայություն էր մեր սերտ հարաբերությունների և մեր հատուկ համագործակցային հարաբերությունների:
Ես չեմ տեսել որևէ հարց, որ մենք չհասնենք իրանական կողմի հետ համաձայնության, մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում և դրա վկայությունը տեսնում ենք, թե վերջին շրջանում այցերի, թե այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:
Նա հավելեց, որ այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից հնարավոր է առհասարակ ռուս սահմանապահները դուրս գան. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները: իսկ այդ աջակցությունը գտնվում է մեր կարողությունների բարձրացմանը համապատասխան փորձառության կիսմամբ»:
0Comments