Վարձակալությունն աճել է 39 տոկոսով, առուվաճառքի գործարքները նվազել են. Ինչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում

Մանրամասներ

Հայաստանում այս տարվա հունվար-մարտին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 49 հազար 395 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 15 տոկոսով: Այս մասին հայտնում է Կադաստրի կոմիտեն:

2022 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 42 հազար 939 գործարք, 2021-ի առաջին եռամսյակում՝ 40 հազար 494:

Սակայն այս տարվա հունվար-մարտին իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 10 հազար 933 գործարք, ինչը 9.6 տոկոսով ավելի քիչ է, քան 2022-ի նույն ժամանակում իրականացված առուվաճառքի գործարքները՝ 12 հազար 99: Նվիրատվության գործարքների թիվն աճել է 49 տոկոսով՝ կազմելով 4 հազար 299:

Հանրապետությունում այս տարվա հունվար-մարտին իրականացվել է բնակարանների առուվաճառքի 3 հազար 47 գործարք՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 24 տոկոսով:

Փոխարենն այս տարվա առաջին եռամսյակում 39.3 տոկոսով ավելացել են անշարժ գույքի վարձակալության գործարքները 3 հազար 78՝ 2022-ի առաջին եռամսյակի 2 հազար 209-ի համեմատ: Սակայն բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 5.6 տոկոսով՝ կազմելով 386: