Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուսական խաղաղապահների հսկողության ներքո և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար։
Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունելի փոխզիջումներ փնտրել՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»,- ասել է նա։
Լուկաշևիչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։ «Կայուն և երկարաժամկետ» լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա»,- ընդգծել է նա։
0Comments