Նախնական տվյալով 1 միլիոն 672 հազար զբոսաշրջիկ է 2022 թվականին այցելել Հայաստան: 2019-ի ռեկորդային ցուցանիշին մոտ թիվը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը գոհացուցիչ է համարում:
Սիսիան Պօղոսեան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Գերազանցվել են մեր սպասելիքները: Գիտեինք, որ քովիդից հետո բավականին աշխատանք ունենք անելու և բավականին դժվար է եղել անել այնպես, որ այդ թվերը վերականգնվեն:
Մասնագետները չեն թաքցնում՝ զբոսաշրջիկների մեծ հոսքին նպաստել է նաև Ռուսաստանում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, սակայն ընդգծում են՝ այդ իրավիճակով պայմանավորված ավիատոմսերի գնի բարձրացումը, բնականաբար, խոչընդոտել է պարզապես հանգստի համար Հայաստան գալ ցանկացողներին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ զբոսաշրջության վրա բացասաբար են ազդել նաև անվտանգային միջավայրը և մեր երկրում տարադրամի արժեզրկումը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Ե՛վ Ադրբեջանի հանցավոր ագրեսիան էր, և՛ էլի էսկալացիաներ եղան, անկայուն իրավիճակ, և՛ դոլարի, եվրոյի նկատմամբ հայկական դրամի խիստ շեշտակի արժևորումը նույնպես զգալի խոչընդոտում էր ներգնա զբոսաշրջությանը:
Հայաստանը շարունակում է նախընտրելի ուղղություն մնալ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի քաղաքացիների համար: Զբոսաշրջության կոմիտեն 2022-ին մի շարք այլ երկրներում աշխատանքներ է իրականացրել Հայաստանը զբոսաշրջիկներին ճանաչելի դարձնելու համար ասում է Սիսիան Պօղոսեանը:
Սիսիան Պօղոսեան - Ֆրանսիայում էլ բավականին աշխատանք ենք տանելու 2023 թվականին, նաև՝ Դուբայում: Մենք ունենք նաև այլ ուղղություններ, որ ավիաընկերությունները բացել են դեպի Հայաստան, որը մեզ բավականին օգնելու է:
Եթե նախկինում զբոսաշրջիկները Հայաստան էին այցելում պատմությանն ու խոհանոցին ծանոթանալու համար, ապա այժմ պահանջված է նաև էթնիկ տուրիզմը՝ արձանագրում է Մեխակ Ապրեսյանը:
Մեխակ Ապրեսյան - Ուզում են կյանքի փորձ կիսել տեղի բնակչության հետ: Ուզում են ուղղակիորեն շփվել տեղի մշակույթի հետ, ավանդույթի հետ, տեղում ապրեն տեղացիների կյանքով:
2023 թվականին ոլորտի մասնագետները ձգտելու են կրկնել և գերազանցել 2019-ին գրանցված 1 մլն 894 հազար զբոսաշրջիկի ցուցանիշը: Forbes պարբերականն այս տարվա լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում առաջին տեղում արդեն նշել է Հայաստանի անունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան
0Comments