Պապիկները կախվել են. Mediahub.am

Մանրամասներ

Պապիները կախվել են. թիվ 1 տուն-ինտերնատի 2 բնակիչ ինքնասպանություն է գործել

Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված երկու բնակիչ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել։ 

Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանը։ 

«Գործը այս պահին գտնվում է քննչական մարմնում: Նույն սենյակի բնակիչներ էին, հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել»,-ասել է Մակարյանը։ 

Ինքնասպանություն գործած անձինք տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե եւ Պերճ պապիկներն են: Դեպքը տնօրենին մտահոգում է։ Ասում է՝ գանգատներով, որեւէ խնդրով իրեն երբեւէ չեն դիմել:

Հոկտեմբերին մամուլում հայտնվել է միայն 80-մայա Պերճ Գ.-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինիս մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ. «Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։

Եղիշե պապիկի ինքնասպանության մասին տեղեկությունը MediaHub-ին փոխանցել են տուն-ինտերնատի հավաստի աղբյուրները: Մակարյանն ասել է, որ վերջինս ինքնասպան է եղել մոտ 3 ամիս առաջ, հանգամանքները դեռեւս պարզ չեն:

Հիշեցնենք, որ «Թիվ 1 տուն-ինտերնատի» բնակիչները տնօրենի ժ/պ Մակարյանի նշանակումից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով վերականգնել նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի աշխատանքը: Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների բոյկոտի պատճառներից մեկն էլ այն էր, որ, ըստ նրանց, Կառավարությունը ներքին շրջանառության մեջ էր դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում էին: