Գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Դատախազությունը դիմել էր ԲԴԽ՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։
«2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը՝ ԲԴԽ-ն որոշել է կասեցնել նրա լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։
Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է քրեական հետապնդում իրականացվելու՝ դեռևս հայտնի չէ։
2024 թվականի նոյեմբերի սկզբին էլ լուրեր էին շրջանառվում, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։