Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային ընտրանու հետ։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (անուն ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։
Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասները: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։